14:43 | 21.11.17 | Նորություններ | 20324

Երեւանում անցկացվում է «ՎԵՈՆ» խմբի ղեկավարության գլոբալ համաժողովը

«ՎԵՈՆ» ընկերությունների խմբի բարձրաստիճան ղեկավարները հավաքվել են Երեւանում՝ մասնակցելու գլոբալ կորպորատիվ համաժողովին։

Հանդիպման նպատակն է գնահատել կատարված աշխատանքի արդյունքները, քննարկել եւ հաստատել խմբի զարգացման ընդհանուր ռազմավարությունը։

Մասնավորապես, քննարկվելու է գլոբալ եւ տարածաշրջանային թվային պրոդուկտների ներդրումը։ Հայաստանն ընտրվել է որպես այս հանդիպման անցկացման վայր, քանի որ «ՎԵՈՆ Արմենիա»-ն խմբի արագ զարգացող ընկերություններից է եւ արդեն մեծ փորձ ունի թվային պրոդուկտների եւ ֆիքսված ենթակառուցվածքների ոլորտներում։

«Ես ուրախ եմ կրկին այցելել Հայաստան։ Այն ռազմավարական նշանակության շուկա է «ՎԵՈՆ»-ի համար Եվրասիայում։ Հայաստանում Beeline-ը «ՎԵՈՆ» խմբի մասն է 2006թ.-ից ի վեր, եւ այդ ընթացքում մենք այստեղ շատ ձեռքբերումներ ունենք։ Beeline-ն առաջինը Հայաստանում եւ երրորդն աշխարհում 2016 թվականին գործարկեց ֆիքսված LTE-450 (Long-Term Evolution) ցանցը: Իհարկե, մեր ներդրումները շարունակվելու են, ինչպես եւ տրանսֆորմացիայի եւ թվայնացման գործընթացները, որպեսզի «ՎԵՈՆ Արմենիա»-ն դառնա ժամանակակից տեխնոլոգիական կազմակերպություն։ Ամեն դեպքում, մեր վերջնական նպատակը հաճախորդներին նորարարական թվային ծառայություններ տրամադրելն է»,- նշել է «ՎԵՈՆ» խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ժան Իվ Շառլիեն։

«ՎԵՈՆ»-ը Եվրասիայում միակ իրապես միջազգային օպերատորն է: Մենք հետեւողական ներդրումներ ենք կատարում այս տարածաշրջանում լավագույն թվային հաղորդակցության ծառայություններ մատուցելու համար: Հայաստանը Եվրասիական շուկայում յուրահատուկ տեղ է զբաղեցնում, որովհետեւ այն միակ շուկան է «ՎԵՈՆ»-ի համար, որտեղ մենք խոշոր ֆիքսված կապի օպերատոր ենք: Այստեղ մենք մատուցում ենք համալիր հեռահաղորդակցության ծառայություններ, ինչը շահեկան է մեր բաժանորդների համար», - նշել է Եվրասիա միավորի գլխավոր գործադիր տնօրեն Միխաիլ Գերչուկը։

«Հեռահաղորդակցության ոլորտը չափազանց դինամիկ է, եւ հաճախորդների պահանջներն արագ փոփոխվում են: «ՎԵՈՆ»-ը Հայաստանում ստանձնել է այս փոփոխվող պահանջները բավարարելու պարտավորությունը: Հայաստանում Beeline–ի նպատակն է մեր բաժանորդներին տրամադրել լավագույն տեխնիկական հնարավորությունները, պարզ եւ հարմար ծառայությունները՝ օգտագործելով բոլոր հնարավոր թվային միջոցները։ Մենք մտադիր ենք շարունակ աշխատել ի շահ մեր բաժանորդների եւ ողջ հասարակության»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Համաժողովում մասնակցելու համար Հայաստան են այցելել «ՎԵՈՆ» խմբի ավելի քան 180 գլոբալ եւ տարածաշրջանային ղեկավարներ։