09:24 | 23.10.17 | Նորություններ | 10083

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ լուսավորվել են Զառիթափի փողոցները

«Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համատեղ ջանքերով, 41 LED լուսարձակ է տեղակայվել Վայոց Ձորի Զառիթափ համայնքի նույնանուն գյուղում:

Ծրագրի արդյունքում էապես կկրճատվեն համայնքի բյուջետային ծախսերը՝ թույլ տալով խնայողություններն ուղղել այլ խնդիրների լուծմանը:

«Սահմանամերձ համայնքներում իրականացվող ծրագիրը մի քանի խնդիր է լուծում: Մենք առիթ ունեցել ենք խոսելու դրա բնապահպանական, էներգախնայող, տնտեսապես շահավետ լինելու մասին: Կա եւս մեկ կարեւոր գործոն. այս ենթակառուցվածքն իր ընձեռած հնարավորություններով բիզնեսի կառավարման յուրօրինակ մոդել կարող է դառնալ համայնքների համար: Այն թույլ կտա կառավարել համայնքի համեստ բյուջեն եւ տնտեսված գումարներն ուղղել այլ ծրագրերի արդյունավետ իրականացմանը, ընդ որում՝ երկարաժամկետ կտրվածքով: Ի վերջո, յուրաքանչյուր համայնք ունի խնդիրների գնահատման իր մոտեցումը եւ այդ խնդիրների լուծմանն առաջնահերթություն տալու սկզբունքը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Գյուղի փողոցները կլուսավորեն ամռանը 21:00-ից մինչեւ 02:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչեւ 01:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի նաեւ ամբողջ գիշեր: