17:23 | 20.10.17 | Նորություններ | 22959
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Գառնի գյուղում տեղի է ունեցել երկու «կանաչ» միջոցառում՝ էլեկտրական հեծանիվների կայանի բացում եւ արտաքին լուսավորության արդիականացված համակարգի գործարկում։
Միջոցառումներն անցկացվել են «Արեւորդի» 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում:
Հեծանվակայանում հնարավոր է վարձակալել էլեկտրական հեծանիվներ կամ լիցքավորել դրանք։
«Էլեկտրական հեծանիվների կայանի բացումը ծանրակշիռ քայլ է առողջ ապրելակերպի, Հայաստանում մշակութային եւ բնապահպանական զբոսաշրջության զարգացման, բնապահպանության, հեծանիվով երթեւեկողների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Ամեն մեկը չէ, որ կարող է հեշտությամբ տեղաշարժվել մեխանիկական հեծանիվով՝ հաշվի առնելով մեր երկրի աշխարհագրական առանձնահատկությունները: Այս առումով, էլեկտրական շարժիչով հեծանիվների ենթակառուցվածքի ներդրումն այլընտրանք չունի», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Նույն օրը Գառնիում գործարկվել է արտաքին LED լուսավորության համակարգ: Գյուղում տեղակայվել է 47 LED լուսարձակ՝ լուսավորելով ավելի քան 2 կմ տարածություն:
Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչեւ 00:00-ը, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչեւ 23:00-ը: