12:54 | 05.10.17 | Նորություններ | 18750

Yandex.Taxi-ն Երեւանում կգործի նոր սակագներով

Yandex.Taxi-ն մեկնարկում է նոր սակագների շարք՝ «Ստարտ», «Ստանդարտ», «Բիզնես» եւ «Մինիվեն»:

Ընկերությունում նշել են, որ նոր սակագները կօգնեն ուղեւորներին ավելի հեշտ եւ հարմար կերպով ընտրել տաքսի՝ ցանկություններից եւ պահանջներից ելնելով։

«Ստարտ» ՝ սկզբնական մակարդակի սակագին է:

«Այս սակագինը համապատասխանում է նրանց, ում բավարարում են տաքսիի հիմնական գործառույթները՝ արագ եւ մատչելի «Ա» կետից «Բ» կետ հասնելը։ Մեքենաների մոտեցումը կարժենա 200 դրամ: Այդ գումարի մեջ ընդգրկված են առաջին երկու կիլոմետրերը, այնուհետեւ ուղեւորությունը կարժենա 100 դրամ՝ մեկ կիլոմետր ճանապարհի համար»,- նշել են ընկերությունում։   

«Ստանդարտ» սակագնին վերաբերում են ավելի բարձր դասի տաքսիները։

«Այսօրվա դրությամբ Yandex.Taxi-ի աշխատակիցները ստուգել են ավելի քան հազար մեքենա՝ ընտրելով լավագույնները «Ստանդարտ» սակագնի համար։ Նախքան նոր սակագնով աշխատելու իրավունք ստանալը, վարորդները վերապատրաստվել են եւ հանձնել են թեստերը։ «Ստանդարտ» սակագնով հասանելի են 500 դրամից սկսած ուղեւորությունները, որոնցում նաեւ ընդգրկված են առաջին երեք կիլոմետրերը, այնուհետեւ ճանապարհի կիլոմետրը՝ 100 դրամ»,- ասված է հաղորդագրությունում։

«Բիզնես» սակագնի համար նախատեսված են E-դասից ոչ ցածր ավտոմեքենաները՝ Mercedes-Benz, Nissan Teana կամ BMW 5-series։ Ուղեւորությունը հասանելի է 800 դրամից սկսած: Արժեքի մեջ ներառված է երեք կիլոմետր ճանապարհը, այնուհետեւ յուրաքանչյուր կիլոմետրը կարժենա 100 դրամ։

««Մինիվեն»-ը հարմար է մեծ խմբով ուղեւորության կամ խոշոր ուղեբեռի փոխադրման համար։ Մեքենաների մոտեցումը այդ սակագնով կկազմի 600 դրամ, ներառյալ երեք կիլոմետր ճանապարհը, այնուհետեւ յուրաքանչյուր հաջորդ կիլոմետրը կարժենա 100 դրամ»,- ասված է հաղորդագրությունում:

«Սակագները նախագծված են հատուկ Հայաստանի համար՝այս ամենը մեծ աշխատանքի արդյունք է, մենք լրջորեն վերանայել ենք ուղեւորության որակի ապահովման նախկին մոտեցումը։ Արմատապես փոխվել են մեքենաների գնահատման համակարգը եւ վարորդների հանդեպ պահանջների մակարդակը։ Նոր շարքի մեկնարկը թույլ կտա իրականացնել հստակ սահման ավտոմեքենաների միջեւ եւ կապահովի նոր որակի մակարդակ ուղեւորներին, ովքեր պատրաստ են վճարել քիչ ավել մեծ հարմարավետության համար»,- նշել է Yandex.Taxi-ի տարածաշրջանային տնօրեն Գեորգի Հակոբյանը։
 
Ընկերությունում տեղեկացրել են, որ, օրինակ, Կասկադից մինչեւ Հանրապետության հրապարակ տաքսիով հասնելը «Ստարտ» սակագնով կարժենա 300 դրամ, իսկ ավելի հարմարավետ «Ստանդարտ» սակագնով՝ 500 դրամ։ Ուղեւորությունը նույն երթուղու համար «Մինիվեն» սակագնով կկազմի 600 դրամ, իսկ «Բիզնես» սակագնով՝ 800 դրամ:

Վճարումը հնարավոր է իրականացնել ե՛ւ կանխիկ, ե՛ւ բանկային քարտով՝ հավելվածի միջոցով. գումարը կգանձվի ավտոմատ կերպով՝ երթուղու վերջում։

Ընկերությունում ընդգծել են, որ Yandex.Taxi-ի օգտատերերը կարող են նաեւ համեմատել բոլոր մատչելի սակագներով ուղեւորության արժեքները մեկ էկրանին, եւ ընտրել իրենց առավել հարմար տարբերակը: