12:16 | 05.10.17 | Նորություններ | 5277

ՏՏ ոլորտի աջակցության նոր գործիքներ կմշակվեն

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ ՏՏ ոլորտում առկա է նոր շուկաներ մուտքի, գործարար կապերի հաստատման, վաճառքի, մարքեթինգի հմտությունների բարձրացման եւ համապատասխան դասընթացների իրականացման անհրաժեշտություն:

«Վերջերս կայացած «ԴիջիԹեք Էքսպո 2017»-ի ընթացքում կրկին արձանագրեցինք Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման եւ արտահանման ներուժը: Միաժամանակ, ՏՏ ոլորտում նոր գաղափարներ եւ ծրագրային լուծումներ ունեցող սկսնակ, փոքր եւ միջին ընկերությունները հաճախ աջակցության կարիք ունեն»,- ասել է վարչապետը:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, ինչպես նաեւ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի եւ Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում համատեղ մշակել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել ՏՏ ոլորտի արտահանման, գործարար հմտությունների եւ կարողությունների զարգացման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագիր՝ համապատասխան գործիքների նախատեսմամբ:

«Մենք այստեղ իրականում մեծ ներուժ ունենք, լավ գաղափարներ ունենք, սակայն առկա է կիրառական պրոդուկտ մշակելու եւ այն վաճառելու խնդիր, որտեղ մենք պետք է բիզնեսի կողքին կանգնենք»,- նշել է Կարեն Կարապետյանը: