17:37 | 02.10.17 | Նորություններ | 5131

Երեւանում մեկնարկել է հայ-կանադական ՏՀՏ համաժողովը

Երեւանում այսօր մեկնարկել է հայ-կանադական ՏՀՏ համաժողովը, որին մասնակցում է  հայկական եւ միջազգային ՏՀՏ ոլորտի 20-ից ավելի կազմակերպությունների 70 ներկայացուցիչ:։

Մոսկվայում Կանադայի դեսպանատան տնտեսական եւ առեւտրային հարցերով նախարար-խորհրդական Անիկ Գուլեն նշել է, որ համաժողովն անցկացնելու գաղափարը ծնվել է դեռեւս մեկ տարի առաջ: Նրա խոսքով՝ երկու պետությունների կառավարությունները լուրջ ուշադրություն են դարձնում այս ոլորտին:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանն էլ հույս է հայտնել, որ համաժողովը կնպաստի այս ոլորտում հայ-կանադական գործակցության առավել ակտիվացմանն ու խորացմանը։

«Հայաստանի եւ Կանադայի ՏՀՏ ընկերությունների փորձը հնարավոր է օգտագործել երկու երկրների համար։ Կարեւոր է գտնել այն բանաձեւը, թե որտե՞ղ եւ ինչպե՞ս կարող ենք համագործակցել։ Մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի աջակցենք ՏՀՏ նախաձեռնություններին՝ լինի դա պետական, թե մասնավոր մակարդակներում»,-  ընդգծել է Բորիս Դեմիրխանյանը։   

Հայ-կանադական ՏՀՏ համաժողովը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։ Այն նպատակ ունի քննարկելու եւ ներկայացնելու Հայաստանի ՏՀՏ ոլորտի ձեռքբերումները, գտնելու միջազգային համագործակցության նոր հնարավորություններ։