Ապացուցված է, որ տեխնոլոգիաների հանդեպ սերը ծնվում է մանկուց: Այսօր աշակերտները դպրոց են հաճախում սմարթֆոնով, իսկ դասերը պատրաստում՝ պլանշետով:
Այսօր Հայաստանում շատ են պատանիները, որոնք սմարթֆոն եւ պլանշետ օգտագործելուց բացի, իրենք են փորձում ինչ-որ բան ստեղծել՝ խաղ, հավելված կամ ծրագիր:
Itel.am-ը «IT պատանիներ» շարքում ներկայացնում է վաղ տարիքից տեխնոլոգիաներով հետաքրքրվող եւ այս ոլորտում պրոդուկտ ստեղծող հայ պատանիների:
12-ամյա Հարություն Սարգսյանն արդեն երկու տարի է, ինչ իր համար բացահայտում է տեխնոլոգիաների աշխարհը: Նա հաճախում է «Արմաթ» եւ «Թումո», ռոբոտներ պատրաստում, ծրագրավորում եւ 3D մոդելավորում սովորում:
Հարություն Սարգսյանը
photo © Մեդիամաքս
««Արմաթ» խմբակում աշխատում էինք ռոբոտի վրա, որը գնում էր մինչեւ պատը, պատից որոշ հեռավորության վրա կանգնում, թեքվում եւ գնում մինչեւ սեղանը՝ ամբողջովին կանգ առնելով դրա մոտ: Մեր պատրաստած մեկ այլ ռոբոտ բռնում է ինչ-որ առարկա, հաշվում այդ առարկայի հեռավորությունը բռնակից եւ փակում բռնակը:
Հիմա ցանկանում ենք այդ երկու ռոբոտների գործառույթները միավորել եւ պատրաստել մի ռոբոտ, որը կկարողանա գնալ, վերցնել առարկան, գցել իր պահոցը եւ վերադառնալ պահեստ»,- պատմում է Հարությունը:
Հարություն Սարգսյանը
photo © Մեդիամաքս
Պատանի ծրագրավորողն այս ուսումնական տարվանից սովորելու է Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում։
«Շատ եմ ցանկանում հետագայում սովորել UWC Դիլիջան քոլեջում, ապա ուսումս շարունակել Գերմանիայում կամ Ֆրանսիայում: Այնտեղ կրթությունն ավելի մատչելի է: Կցանկանամ նաեւ արտերկրում աշխատել, բայց Հայաստանն իմ հայրենիքն է, եւ ամեն կերպ կփորձեմ իմ գիտելիքներն օգտագործել հայրենիքիս զարգացման համար»,- ընդգծում է Հարությունը:
Հարություն Սարգսյանը
photo © Մեդիամաքս
Բլից հարցեր՝- Ֆուտբո՞լ, թե՞ տանը՝ համակարգչային խաղ:- Արդեն երկու տարի է՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլով եմ զբաղվում: Եզրային պաշտպան եմ: Էջմիածնի «Վարդանանք 451» թիմում եմ խաղում: Ամռանն ամեն երեկո 2 ժամ ֆուտբոլ եմ խաղում բակում: Անգիր գիտեմ շատ մարզաձեւերի կանոններ: Սիրածս ֆուտբոլային թիմն էլ Բարսելոնան է:
- Աշխարհի երեսից վերացել են համակարգիչներն ու սմարթֆոնները, ի՞նչ կանեիր:- Ֆուտբոլ կխաղայի: Հետաքրքիր գրքեր կկարդայի, քանի որ սիրում եմ արկածային գրականություն՝ հատկապես Ժյուլ Վեռնի ստեղծագործությունները: Սիրում եմ նաեւ հայ դասականներին, ինչպես նաեւ ֆանտաստիկ ժանրի ֆիլմեր՝ Հարրի Փոթեր, Կարիբյան ծովի ծովահենները:
- Ինչի՞ վրա կծախսեիր վաստակածդ առաջին միլիոնը: - Չեմպիոնների լիգայի եզրափակիչը ստադիոնից կդիտեի: Հնարավոր է, ինչ-որ ընկերություն, բրենդ հիմնեի: Նաեւ այնպես կանեի, որ սուզանավը բարձրանար ջրի մակերեւույթին եւ այնտեղից թռչել կարողանար:
- Արձակուրդ Սիլիկոնյան հովտո՞ւմ, թե՞ հանգիստ Մալդիվյան կղզիներում:-Սիլիկոնյան հովտում: Մալդիվյան կղզիներում ջրի մակարդակը քիչ-քիչ բարձրանում է, եւ այդ կղզիները ապագայում կարող են լիովին վերանալ: Չեմ ուզում ինձ վտանգել (ծիծաղում է - խմբ.)
- ՏՏ ո՞ր հայտնի դեմքի հետ կցանկանայիր ճաշել:- Բիլ Գեյթսի հետ երեւի: Ցուկերբերգն էլ միգուցե, բայց նա ավելի երիտասարդ է (ծիծաղում է - խմբ.): Բիլ Գեյթսի հետ վրացական խինկալի կուտեինք: Կհարցնեի, որ երբ վիճեց Սթիվ Ջոբսի հետ եւ վերջինս ասաց, որ կխլի Գեյթսի վերջին սենթը, ինչպե՞ս կարողացավ քնել այդ սպառնալիքից հետո:
Նարինե ԴանեղյանԼուսանկարները՝ Գրիգոր Եփրեմյանի