10:01 | 06.09.17 | IT պատանիներ | exclusive 103334

IT պատանիներ. Ջոն Խաչյան

Ապացուցված է, որ տեխնոլոգիաների հանդեպ սերը ծնվում է մանկուց: Այսօր աշակերտները դպրոց են հաճախում սմարթֆոնով, իսկ դասերը պատրաստում՝ պլաններով:

Այսօր Հայաստանում շատ են պատանիները, որոնք սմարթֆոն եւ պլանշետ օգտագործելուց բացի, իրենք են փորձում ինչ-որ բան ստեղծել՝ խաղ, հավելված կամ ծրագիր:

Itel.am-ը «IT պատանիներ» շարքում ներկայացնում է վաղ տարիքից տեխնոլոգիաներով հետաքրքրվող եւ այս ոլորտում պրոդուկտ ստեղծող հայ պատանիների:

ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգից 15-ամյա Ջոն Խաչյանը սովորում է ծրագրավորում, տեխնոլոգիական ճամբարների մասնակցում եւ պատրաստվում բացել սեփական ՏՏ ընկերությունը: Ջոնն օգոստոսին մայրիկի հետ առաջին անգամ այցելել էր Հայաստան՝ տեսնելու իր հայրենիքը եւ մասնակցելու «Թումո» ճամբարին:

«Համակարգիչներով շատ վաղուց եմ հետաքրքրվում, սակայն ծրագրավորմամբ առաջին անգամ տարվել եմ տարրական դպրոցում: Ես եւ ընկերս 1-2 շաբաթ տեւողությամբ դասընթացի մասնակցեցինք, սովորեցինք Python: 6-րդ, 7-րդ դասարանում էի, երբ Python-ի ամառային ճամբարի մասնակցեցի՝ խաղերի ծրագրավորում էինք սովորում: Այս ամառ էլ մինչեւ Երեւան գալս ԱՄՆ-ում Summer Tech անունով ճամբար եմ հաճախել՝ սովորելով Java ծրագրավորում: Շարունակում եմ հարստացնել գիտելիքներս նաեւ ինքնուրույն, օրինակ, C++ եմ սովորել՝ YouTube-ում ուսուցողական տեսանյութեր դիտելով»,- պատմում է նա:

photo © Մեդիամաքս


Ջոնը «Թումո»-ում JavaScript եւ ռոբոտիկա է ուսումնասիրել.

««Թումո»-ի մասին մայրիկիս միջոցով տեղեկացա: Մտածեցի, որ հետաքրքիր կլինի փորձել: Երբ իմացա, որ ծրագրավորման դասընթացներ կան, կարծում էի, որ հենց դրանց համար եմ գալու, սակայն պարզվեց, որ «Թումո»-ում շատ ու շատ հետաքրքիր այլ ուղղություններ կան: «Թումո»-ում սովորեցինք խաղեր պատրաստել Unity գործիքով»:  

Ջոնը մտադիր է հաջորդ ամառ վերադառնալ Հայաստան եւ «Թումո»-ում շարունակել խորացնել ռոբոտիկայի մասին գիտելիքները, ինչպես նաեւ HTML սովորել:

«Ինձ շատ զարմացրեց «Թումո»-ն, երբ առաջին անգամ մուտք գործեցի այնտեղ: Չէի սպասում նման տեխնոլոգիական շարժ: «Թումո»-ում նաեւ շատ հայ ընկերներ ձեռք բերեցի՝ տարբեր երկրներից»,- պատմում է Ջոնը:

photo © Մեդիամաքս


Սփյուռքահայ պատանին ազատ ժամանակ մոբայլ հավելվածների ստեղծմամբ է զբաղվում.

«Պատրաստել եմ հավելված, որն օգնում է ստեղծել Android հավելվածներ: Հիմա աշխատում եմ մեկ այլ հավելվածի պատրաստման վրա: Այն նման է Siri-ին, սակայն ձայնային հրահանգների փոխարեն հատուկ մասում մուտքագրում եք տեքստը եւ ստանում արդյունքը: Եվս մեկ հավելվածի վրա եմ աշխատում, որը հնարավորություն կտա TXT ձեւաչափի ֆայլեր ստեղծել»,- պատմում է նա:

photo © Մեդիամաքս


Ջոնի երազանքի համալսարանը Բերքլին է: Ասում է, որ շատ կցանկանա սովորել համակարգչային գիտությունների ֆակուլտետում: Երազանքի երկու աշխատավայր ունի՝ վիդեո խաղերի արտադրությամբ զբաղվող ամերիկյան Blizzard entertainment ընկերությունը եւ Google-ը:  

Ջոնը ցանկանում է նաեւ ձեռներեց դառնալ.

«Եթե դա ինձ մոտ ստացվի, շատ կցանկանամ նպաստել Հայաստանի զարգացմանը, սակայն այս պահին չգիտեմ, թե ինչպես է դա պետք անել: Կարծում եմ՝ մեծանալուն զուգահեռ՝ կգտնեմ ճիշտ տարբերակներ»:

Բլից հարցեր՝

- Հեծանի՞վ, թե՞ տանը՝ համակարգչային խաղ:

-Բնականաբար, համակարգչային խաղեր: Միջինում օրական 3-4 ժամ եմ անցկացնում համակարգչի առաջ՝ տնային հանձնարարություններս եմ անում եւ ապա փորձում հանգստանալ վիդեո խաղերի միջոցով: Իրականում, հայրիկս դեմ է, որ շատ ժամանակ անցկացնեմ համակարգչի առաջ: Նա կարծում է, որ դա վատ է առողջության համար: Ես թենիսով եմ զբաղվում, ինչն օգնում է կտրվել համակարգչից:

- Աշխարհի երեսից վերացել են համակարգիչներն ու սմարթֆոնները, ի՞նչ կանեիր:

- Հնարավոր է՝ մաթեմատիկոս դառնայի, քանի որ դա իմ մյուս սիրած մասնագիտությունն է:  

- Ինչի՞ վրա կծախսեիր վաստակածդ առաջին միլիոնը:

- Ընթացիկ ծախսերի համար $2000 կվերցնեի, իսկ մնացածը կպահեի բանկում՝ հետագայի համար: Արդեն իսկ սկսել եմ աշխատել իմ սեփական ընկերությունը ստեղծելու ուղղությամբ, սակայն դա դեռ պաշտոնական չէ: Այն գրանցելու համար պետք է 18 տարիս լրանա:

- Արձակուրդ Սիլիկոնյան հովտո՞ւմ, թե՞ հանգիստ Մալդիվյան կղզիներում:

- Ես այնքան էլ չեմ սիրում ծովափնյա հանգիստ, այնպես որ կընտրեմ Սիլիկոնյան հովիտը: Ամենայն հավանականությամբ, առաջին հերթին կցանկանայի լինել Google-ի կենտրոնակայանում, որովհետեւ բավական տեղեկացված եմ այդ ընկերության մասին:

- ՏՏ ո՞ր հայտնի դեմքի հետ կցանկանայիր ճաշել:

- Ինձ ոգեշնչում են շատ ձեռներեցներ եւ ՏՏ ոլորտի հայտնիներ, որոնցից սովորելու շատ բան ունեմ, սակայն կառանձնացնեմ Սթիվ Վոզնյակին: Ես եւ Վոզնյակը նույն օրն ենք ծնվել՝ օգոստոսի 11-ին եւ հասցրել ենք հանդիպել: Մայրիկիս քոլեջում՝ Նյու Յորքում,  Վոզնյակը դասախոսություն պետք է կարդար, եւ մայրիկս իմ ու ընկերոջս համար մասնակցության տոմսեր ձեռք բերեց: Ելույթից հետո ընկերս նրան մի հարց տվեց, որը Վոզնյակին շատ տպավորեց: Միջոցառումից հետո մենք նաեւ զրուցեցինք նրա հետ, ստորագրություն վերցրինք եւ լուսանկարվեցինք:

Սթիվ Վոզնյակը եւ Ջոն Խաչյանը Սթիվ Վոզնյակը եւ Ջոն Խաչյանը
photo © Անձնական արխիվից


Եթե երբեւէ ճաշեմ Վոզնյակի հետ, կհասցնեմ այն ընթացքի մասին, երբ Apple-ն ավտոտնակում առաջին քայլերն էր անում: Չնայած նրան, որ Ջոբսը միշտ ավելի շատ է եղել ուշադրության կենտրոնում, սակայն Վոզնյակը եւս մեծ ավանդ ունի ընկերության զարգացման գործում:

Նարինե Դանեղյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի