13:51 | 09.06.17 | Նորություններ | 49028

Երեւանում մեկնարկել է 10-րդ ԴիջիԹեք բիզնես ֆորումը

Այսօր Երեւանում մեկնարկել է 10-րդ հոբելյանական ԴիջիԹեք բիզնես ֆորումը:

«Չափազանց մեծ է ԴիջիԹեք բիզնես ֆորումի դերը, որը 2008-ից ի վեր հիանալի հարթակ է ՏՏ ընկերությունների համար՝ մասնակցելու Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Այս տարի եւս ակնկալվում է այստեղ գտնել «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար»,- ասված է վարչապետ Կարեն Կարապետյանի ուղերձում:

Վարչապետը կարեւորել է նաեւ Հայաստանում ՏՏ համաշխարհային համաժողովի մեկնարկը եւ նշել, որ սա մեծ հաջողություն է Հայաստանի համար՝ երկրի տեխնոլոգիական ապրանքանիշի առաջխաղացման եւ Հայաստանն աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա դիրքավորելու առումով:

Բիզնես ֆորումի օրակարգի առաջին թեման 2019թ. Երեւանում WITSA-ի կողմից կազմակերպվող ՏՏ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies - WCIT) նախապատրաստական աշխատանքների մեկնարկն է:

Գործարկվել է նաեւ wcit2019.org ու ցուցադրվել WCIT 2019-ի հոլովակը:

WCIT 2019-ը կանցկացվի 2019թ. հոկտեմբերի 3-6-ը՝ «Վերաիմաստավորել կենտրոնը» (Rethinking the center) խորագրի ներքո: Համաժողովի եւ խորագրի հիմքում ընկած են 4 թեմաներ՝ կրթություն, ապակենտրոնացում, մարդասիրություն եւ Հայաստանը՝ որպես աշխարհի ՏՏ առաջընթացի այլ աղբյուր կամ կենտրոն:

Բիզնես ֆորումի օրակարգային մյուս թեմաներն են՝

- ՏՏ լուծումներ՝ Հայաստանում տուրիզմը խթանելու նպատակով
-ՓՄՁ-ների գործունեության արդյունավետության բարձրացում ՏՏ լուծումների միջոցով - Տեխնոլոգիական ոլորտի եւ ՀՀ ԶՈւ համագործակցության խնդիրներ եւ ձեւաչափեր
- Տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար
- Կիբերանվտանգության ազգային ստանդարտի մշակում
- Հայմեփ. համահայկական ներուժի ցանց    
- Վերականգնվող էներգիա եւ բնապահպանություն
- Պետական համակարգերի կառավարում
- Արհեստական ինտելեկտի զարգացումը Հայաստանում եւ կիրառումը բիզնեսում

«Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող ԴիջիԹեք բիզնես ֆորումը Հայաստանում անցկացվող B2B ձեւաչափի միակ միջոցառումն է:
    
Ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը 2008-ից իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո