13:35 | 10.04.17 | Նորություններ | 16052

«Ռոստելեկոմ»-ն ու Պոլիտեխնիկը կհամագործակցեն

«Ռոստելեկոմ»-ը եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամն այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր:

Ընկերությունում նշել են, որ այն նպատակ ունի ապահովել համալսարանի ուսանողների տեսական գիտելիքների գործնական կիրառումը եւ մասնագիտական փորձի միջոցով կիրառական հմտությունների ձեռքբերումը:

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ տարիների համագործակցության փորձը ցույց է տվել, որ բուհի ուսանողներն իրենց գիտելիքներով մրցունակ են եւ կարողանում են աշխատել ոլորտի լավագույն ընկերություններում, ինչպիսին «Ռոստելեկոմն» է»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Համագործակցության շրջանակում «Ռոստելեկոմի» կողմից համալսարանին են հանձնվել Cisco Systems ցանցային սարքավորումներ եւ համակարգիչներ, ինչպես նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու ընկերության եւ բուհի երկխոսությունը:

«Համոզված եմ՝ մեր կողմից տրամադրված բարձրակարգ Cisco սարքավորումներն ու համակարգչային տեխնիկան կնպաստեն ժամանակակից տեխնոլոգիաների վերաբերյալ ուսանողների գիտելիքների կատարելագործմանը։ Մենք բազմիցս հյուրընկալել ենք եւ շարունակելու ենք այցելություններ կազմակերպել հայաստանյան բուհերի ուսանողների համար դեպի մեր դատա կենտրոն եւ ներկայացնել գերժամանակակից սերվերային հանգույցներն ու տեխնոլոգիական լուծումները»,- հավելել է Հայկ Ֆարամազյանը։

Երկու կառույցների ղեկավարները վստահություն են հայտնել, որ համագործակցությունը կնպաստի ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի բարձրակարգ մասնագետների ու կադրերի ձեւավորմանը։