Կարեն Վարդանյանը
12:16 | 10.04.17 | Նորություններ | 7948
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) վարչությունն այսօր հայտարարել է, որ հայկական ընկերություններին փորձ է արվում հեռու պահել էլեկտրոնային կառավարման համակարգերի ստեղծման գործընթացներից:
«Մասնավորապես՝ էլեկտրոնային կառավարման համակարգերի մրցույթներում դրվում են այնպիսի պայմաններ, որոնք բացառում են տեղական ընկերությունների մասնակցությունը, ինչի հետեւանքով պատվերները ուղղորդվում են դեպի օտարերկրյա ընկերություններ: Ընդ որում, հարկ է նշել, որ հայկական ընկերությունները նմանատիպ պատվերներ իրականացնում են այլ՝ հիմնականում զարգացած երկրների համար եւ որակով որեւէ կերպ չեն զիջում, այլ նույնիսկ հաճախակի գերազանցում են այն լուծումները, որոնք մեզ փորձում են հրամցնել օտարերկրյա ընկերությունները: Հեռու պահելով հայկական ընկերություններին՝ օտարերկրյա ընկերություններին արհեստական հաղթանակ են ապահովում «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ն եւ նրանց վերադաս պետական մարմինները:
Վերոհիշյալի հետեւանքով պետությունը տասնապատիկ ավել գնով լուծումներ է ձեռք բերում օտարերկրյա ընկերություններից, պարբերաբար դադարում է այդ լուծումների հետագա սպասարկումը, որը անհրաժեշտություն է ստեղծում նոր միջազգային մրցույթների հայտարարմանը: Արդյունքում հարված է հասցվում ինչպես պետությանը, այնպես էլ տեղական ընկերությունների զարգացմանը, որոնք լուծումները իրականացնելու դեպքում ձեռք կբերեին դրանք միջազգային շուկաներում վաճառելու հնարավորություն: Այս ամենին գումարվում է անդառնալի հարվածը երկրի անվտանգությանը, քանի որ էլեկտրոնային կառավարման համակարգերը դառնում են թափանցիկ օտարերկրյա ընկերությունների համար, եւ դրանք ստանում են հասանելիություն ՀՀ քաղաքացիների անձնական տվյալներին, ինչպես նաեւ պետական մարմինների հույժ գաղտնի եւ կարեւոր տվյալներին: Արհեստականորեն Հայաստան բերված օտարերկրյա ընկերությունները որեւէ ձեւով չեն կարող վերահսկվել ՀՀ անվտանգության մարմինների կողմից:
Ասածի ապացույցն է վերջերս հրապարակված՝ «ՀՀ կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի թողարկման համակարգի ներդրման, սպասարկման եւ փոխանցման նպատակով մրցույթի հայտարարում» մրցույթը (ՀՀԷԿԵՆԳ-ՄԵԾՁԲ-N17/2), «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի կողմից, որտեղ մասնակցության պայմանների մեջ (մեջբերված է մրցույթի պայմաններից) նշված է՝
2) ֆինանսական միջոցներ.
ա. Մասնակիցը վերջին 5 տարվա ընթացքում անձամբ (այդ թվում՝ որպես կոնսորցիումի անդամ կամ ենթակապալառու) կամ իր դուստր կամ 50 եւ ավելի տոկոս մասնակցությամբ ընկերության միջոցով սույն կետի 1-ին ենթակետում նշված համակարգերի մշակման, շահագործման եւ սպասարկման ծառայությունների կամ նմանատիպ այլ ծառայությունների եւ աշխատանքների դիմաց պետք է ստացած լինի ֆինանսական հասույթ՝ առնվազն 20 միլիոն ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարի չափով:
բ. Մասնակիցը անձամբ կամ մասնակիցների կոնսորցիումը համատեղ նախավորակավորման հայտը ներկայացնելու վերջնաժամկետին նախորդող տարվա՝ 2016 թվականի ընթացքում բանկային հաշիվներում պետք է ունենա միջին հաշվով ազատ շրջանառու միջոցներ առնվազն 1 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով:
Նման պայմանները բացառում են ՀՀ ընկերությունների մասնակցությունը այս նախագծին»,-ասված է ԻՏՁՄ հայտարարությունում:
Հիմնվելով վերոնշյալի վրա՝ միությունն առաջարկել է ՀՀ կառավարությանը՝
ա. քննության առարկա դարձնել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ –ի գործունեությունը, քայլեր ձեռնարկել այն առողջացնելու եւ ՀՀ շահերին ծառայեցնելու համար,
բ. անմիջապես դադարեցնել մրցույթի գործընթացը եւ հնարավորություն ստեղծել հայկական ընկերություններին մասնակցելու դրան,
գ. միջոցներ ձեռնարկել հետայսու տեղական ՏՀՏ ընկերություններին ՀՀ էլեկտրոնային կառավարման համակարգերի ստեղծմանը մասնակցելու համար,
դ. Ազգային անվտանգության ծառայությանը եւ Հատուկ քննչական ծառայությանը ընդունել այս հայտարարությունը որպես դիմում հանցագործության մասին,
ե. հետաքննել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի եւ նրա վերադաս պետական մարմինների գործունեությունը: