17:32 | 31.03.17 | Նորություններ | 10332
Գերմանական Siemens ընկերությունը հայտարարել է, որ ավարտին է հասցրել ամերիկյան Mentor Graphics-ը գնելու գործարքը, որն արժեցել է $4,5 մլրդ:
Siemens-ի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Թոնի Հեմելգարնը հայտարարել է, որ «հպարտ են ընդունել Mentor Graphics-ի թիմին եւ վերջինիս մշակած տեխնոլոգիաները Siemens-ում»:
Mentor Graphics-ի գնումը կնպաստի Siemens-ի՝ մինչեւ 2020թ. ռազմավարության կյանքի կոչմանը, որը ներառում է արդյունաբերական ոլորտում ծրագրային ապահովման համար հնարավորությունների ընդլայնում:
«Mentor Graphics-ի կողմից առաջարկվող էլեկտրոնային դիզայնի ամբողջական հավաքակազմը չափազանց կարեւոր է մեր՝ հաճախորդների բազան ընդլայնելու տեսլականի համար եւ ապահովում է թվային ձեռնարկությունների կառուցման համար պահանջվող ծրագրային լուծումների աշխարհի ամենաընդգրկուն պորտֆոլիոն»,- նշել է Թոնի Հեմելգարնը:
«Siemens ընտանիքին միանալը հիանալի հնարավորություն է ոչ միայն Mentor Graphics-ի թիմի, այլեւ գործող եւ ապագա հաճախորդների համար»,- ասել է Mentor Graphics-ի գլխավոր գործադիր տնօրեն Վալդեն Ռայնսը:
Mentor Graphics-ը, որը 2008-ից ներկայացուցչություն ունի նաեւ Հայաստանում, էլեկտրոնիկայի եւ ծրագրային ապահովման լուծումներ առաջարկող առաջատար ընկերություններից է: Այն տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն եւ սպասարկում աշխարհի ամենահայտնի ընկերություններին էլեկտրոնիկայի եւ կիսահաղորդիչների ոլորտում: