11:29 | 31.03.17 | Նորություններ | 4465

Կոթիի ՍՄԱՐԹ սենյակում ռոբոտաշինության խմբակ է գործում

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) Տավուշի մարզի Կոթի գյուղի ՍՄԱՐԹ ապահով սենյակում իրագործում է «Լեգո» ռոբոտիկայի երկու խմբակ՝ 12-ական աշակերտով։

Խմբակներում ընդգրկված են գյուղի դպրոցի 5-9-րդ դասարանցիներ։ Կրտսերները (5-6-րդ դասարաններ) օգտագործում են LEGO WeDo2.0 հավաքածուները, իսկ ավագների (7-9-րդ դասարանցիներ) խումբն աշխատում է LEGO Mindstorms EV3 հավաքածուով։

COAF-ում նշել են, որ նախորդ տարի ձեռք բերված «Լեգո» սենսորային հավաքածուները գործածելու համար գյուղի ֆիզիկայի ուսուցիչ Արծրուն Սիրադեղյանը վերապատրաստվել է որպես ռոբոտիկայի դասընթացավար։

Մասնակից աշակերտներն ընտրվել են հատուկ հարցաշար լրացնելու միջոցով, որտեղ ստուգվում է երեխայի տրամաբանությունը, մտածելակերպը, հարցը մանրամասն ուսումնասիրելու ու մանրամասնորեն՝ քայլ առ քայլ առաջ շարժվելու կարողությունը։

«Ռոբոտիկան ու ծրագրավորումը մեր ժամանակի մաթեմատիկան են։ Այն ոչ միայն իմացական, այլեւ առօրյա կիրառելի գիտելիք է. սա օրվա պահանջն է։ Ռոբոտիկայի «Լեգո» խմբակը հնարավորություն է տալիս երեխաներին խնդիր դնելու, լուծման ուղիներ գտնելու, մտածողության նոր հորիզոններ բացելու»,- նշել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի ծրագրերի տնօրեն Էսթեր Հակոբյանը։

Հայաստանի մանուկներ հիմնադրամի ՍՄԱՐԹ սենյակները կանոնավոր ուսումնական ծրագրեր են առաջարկում տարբեր տարիքի երեխաների՝ կախված նրանց հետաքրքրություններից ու կարողություններից։