10:24 | 24.03.17 | Նորություններ | exclusive 36238
HUB Silicon Valley գլոբալ ցանցը, որի կենտրոնակայանը Պալո Ալտոյում է (Կալիֆոռնիա), առաջիկայում ներկայացուցչություն կունենա նաեւ Հայաստանում:
Այս մասին «Զարգացմանն ուղղված հանրօգուտ ներդրում» գլոբալ գագաթաժողովի շրջանակում Itel.am-ի հետ զրույցում հայտարարել է Hub Silicon Valley-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Մարիան Քրեյրին:
Hub Silicon Valley-ն ներկայություն է ունենալու այն երկրներում, որոնք օժտված են գիտական եւ տեխնոլոգիական ներուժով, տեղական ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաև աշխույժ ձեռներեցներով եւ առաջնորդներով: Ցանցի անդամ են Սիլիկոնյան հովտի 300-ից ավելի մենթորներ, փորձագետներ եւ ներդրողներ:
2016թ. հունիսից Hub Silicon Valley-ն ներկայություն ունի Վրաստանում: 2017-ին, բացի Հայաստանից, նախատեսվում է կենտրոններ բացել նաեւ Դանիայում (Կոպենհագեն), Հրվ. Աֆրիկայում եւ Շոտլանդիայում:
«Մենք քննարկումներ ենք սկսել Հայաստանում ոլորտի ներկայացուցիչների հետ: Դեռ հստակ չէ, թե երբ կբացվի կենտրոնը, սակայն իսկապես ցանկանում ենք, որ դա արագ կատարվի՝ 3-6 ամսվա ընթացքում: Ի դեպ, մենք վիրտուալ կենտրոն ունենք նաեւ Վրաստանում եւ այնտեղ շատ ստարտափների հետ ենք աշխատում: Մտածում ենք նաեւ համատեղ որեւէ բան կազմակերպելու մասին՝ ընդգրկելով Հայաստանը եւ Վրաստանը»,- Itel.am-ին տեղեկացրել է Մարիան Քրեյրին:
Հարցին, թե արդյոք կենտրոնը լինելու է վիրտուալ, Մարիան Քրեյրին պատասխանել է, որ այդ հարցում դեռ վերջնական որոշում չկա:
«Սրանք դետալներ են, որոնք դեռ պետք է պարզել: Մենք ծրագրում ենք տարածաշրջան բերել Սիլիկոնյան հովտի փորձը, որպեսզի Սիլիկոնյան հովտի մենթորները, գիտելիքն ու նոր տեխնոլոգիաները հասանելի լինեն հայերին ու վրացիներին»,- ասել է Hub Silicon Valley-ի գործադիր տնօրենը:
Խոսելով այն մասին, թե արդյոք պատրաստվում են աջակցել տեղական ստարտափներին՝ Սիլիկոնյան հովիտ այցելելու հարցում, Մարիան Քրեյրին նշել է.
«Այո, որոշ ստարտափների համար Սիլիկոնյան հովիտ մեկնելը օպտիմալ տարբերակ կլինի: Իրականում մենք ծրագրում ենք անդրսահմանային ընկերություններ ստեղծել: Ինչպես գիտեք, ԱՄՆ-ում ներդրումներ ստանալու համար հարկավոր է այնտեղ ֆիզիկական ներկայություն, սակայն, միեւնույն ժամանակ, աշխատանքի մեծ մասը կարելի է անել նաեւ տանը: Այնպես որ, մենք չենք պատրաստվում Հայաստանից «գողանալ» լավագույն ստարտափներին, ընդհակառակը՝ ցանկանում ենք, որ նրանք իրենց հայրենիքում ազդեցություն ունենան»:
Hub Silicon Valley-ի գործադիր տնօրենը նաեւ տեղեկացրել է, որ առաջիկայում կհամագործակցեն հայաստանյան ընկերությունների հետ եւ կծանոթանան տեղական ստարտափ էկոհամակարգին:
Նարինե Դանեղյան