13:16 | 10.03.17 | Նորություններ | 14430

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է Մոսեսգեղում արեւային ջրատաքացուցիչի գործարկմանը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ սահմանամերձ Մոսեսգեղ համայնքի մանկապարտեզում առաջին անգամ գործարկվել է արեւային ջրատաքացուցիչ համակարգ:

Համակարգը գործարկվել է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ համատեղ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում:

«Արեւային ջրատաքացուցիչների գործարկումը շահավետ է մի քանի տեսանկյունից: Նախ՝ սա մի լուծում է, որը կիրառելի է բնակլիմայական տարբեր պայմաններ ունեցող մարզերում: Երկրորդ՝ ջրատաքացուցիչները նպաստում են համայնքների ծախսերի կրճատմանը: Արդյունքում շահում են բնությունը, սահմանամերձ համայնքն ու քաղաքացին: Պետք է նշեմ, որ մեր ծրագրերի հիմքում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն է. ռազմավարություն, որը որդեգրել ենք դեռ 11 տարի առաջ՝ վստահ լինելով, որ ժամանակի ընթացքում մեր օրինակին հետեւելու են նաեւ այլ կազմակերպություններ: Այսօր արդեն տեսնում ենք, որ այս ռազմավարությունը հոգեհարազատ է դարձել շատերին, ինչն անչափ ուրախալի է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: