11:03 | 11.01.17 | Նորություններ | exclusive 86354

YerevaNN-ը deep learning-ին նվիրված ուղեցույց է ներկայացրել

YerevaNN գիտակրթական հիմնադրամը դեկտեմբերի վերջին ներկայացրել է խոր ուսուցմանը (deep learning) նվիրված ուղեցույց, որը մեծ արձագանք է ստացել ամբողջ աշխարհում:

YerevaNN-ի հիմնադիր Հրանտ Խաչատրյանը Itel.am-ին պատմել է, որ ուղեցույցի տարածմանը նպաստել են Reddit, Hacker News եւ մի շարք այլ հայտնի հարթակներ:

Ուղեցույցը հայտնվել է Google-ի գլոբալ թոփ որոնումներում:

«Երկու շաբաթում 40 հազարից ավելի այցելություն ենք գրանցել, այդ թվում` ավելի քան 35%-ը ԱՄՆ-ից, 7,7%-ը` Չինաստանից եւ 3,7%-ը` Հայաստանից»,- ասել է նա:

Անդրադառնալով ուղեցույցի ստեղծման գաղափարին` Հրանտ Խաչատրյանը նշել է, որ YerevaNN-ի հիմնադրումից հետո շատերն են իրենց դիմել` հարցնելով, թե ինչպես խոր ուսուցման գիտելիքներ ձեռք բերել:

«Տարբեր մարդկանց տարբեր բնույթի կրթական ռեսուրսներ են հարմար, ավելի տեսական կամ ավելի պրակտիկ, պարզ բառերով բացատրված կամ խիստ մաթեմատիկորեն ձեւակերպած: Ինչ որ պահի հասկացանք, որ ավելի ճիշտ կլինի որոշ ժամանակ հատկացնենք ու ամբողջական ուղեցույց պատրաստենք, ներառենք միաժամանակ տարբեր նախասիրություններ ունեցողներին հարմար նյութեր ու ցույց տանք, թե որ նյութերը ինչ թեմաներ են ծածկում»,- նշել է YerevaNN-ի հիմնադիրը:

Հրանտ Խաչատրյանն ընդգծել է, որ ուղեցույցը պարբերաբար կթարմացվի: