15:01 | 10.01.17 | Նորություններ | 11207

2016-ի 10 տեխնո թրենդներն աշխարհում

Singularity Hub հարթակը հրապարակել է 10 տեխնոլոգիական թրենդներ, որոնք, պարբերականի վարկածով, աշխարհը 2016-ին ավելի լավն են դարձրել:

Ստորեւ ներկայացնում ենք այդ միտումները:

1. Աշխարհի հիպեր կապվածությունը

2010-ին ինտերնետից օգտվում էր 1,8 մլրդ մարդ: Այսօր այդ թիվը 3 մլրդ է: 2022-2025 թթ. այդ թիվը կմեծանա՝ ներառելով մոլորակի բոլոր բնակիչներին՝ շուրջ 8 մլրդ:

2. Արեւային/վերականգնվող էներգիայի էժանացում

2016-ը դարձավ այն տարին, երբ արեւային եւ վերականգնվող էներգիան դարձավ ավելի էժան, քան քարածուխը:

Դեկտեմբերին Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հայտարարվեց, որ ավելի քան 30 երկրում արեւից եւ քամուց ստացված էներգիան նույն գինն ունի կամ ավելի էժան է, քան քարածուխից ստացվող էներգիան:

Սա մարդկության պատմության ամենակարեւոր զարգացումներից է, եւ 2016-ին վերականգնվող էներգիային առնչվող մի շարք այլ կարեւոր ուղենիշեր ուրվագծվեցին:

3. Քաղցկեղի ու մյուս հիվանդությունների բուժումը

Չնայած դժվար է հավատալ, սակայն քաղցկեղի ու մյուս հիվանդությունների բուժումը մոտ է: Գիտնականները եւ հետազոտողները ջանասիրաբար աշխատում են գտնելու նոր մոտեցումներ հիվանդությունների դեմ պայքարում, եւ 2016-ին այս տեսանկյունից յուրահատուկ առաջընթաց գրանցվեց:

4. Կյանքի տեւողության երկարացումը

Singularity Hub-ում համոզված են, որ աշխարհը մարդկային կյանքի երկարակեցությանը հասնելու ճանապարհին է: 2016-ին հարյուր միլիոնավոր դոլարներ են ծախսվել հետազոտական նախաձեռնությունների եւ ընկերությունների վրա, որոնք կյանքը երկարացնելու գործին են լծված:

5. Ցողունային բջիջների հաջողությունը

Ցողունային բջիջները մարմինը վերածնող շարժիչն են, օգնում են բուժել հիվանդությունները եւ երկարացնել մարդու առողջ կյանքը: 2016թ. հայտնագործություններից էր այն, որ ցողունային բջիջների միջոցով կարելի է մարդկային աչք ստանալ:

6. Ինքնավար կառավարման ավտոմեքենաների ժամանակը

2016-ն ինքնավար կառավարման մեքենաների տարի էր: Չնայած Google-ը, Tesla-ն եւ Uber-ը առաջատար են, գրեթե ցանկացած խոշոր մեքենա արտադրող ընկերություն ներդրումներ է կատարում ինքնավար կառավարման ավտոմեքենաների արտադրությունում: Սա կլինի տասնամյակի ամենաորոշիչ տեխնոլոգիական զարգացումներից մեկը:

7. Դրոններ եւ թռչող ավտոմեքենաներ

Մենք ուղեւորվում ենք դեպի աշխարհ, որտեղ ինքնավար դրոնները կնկարեն աշխարհը, մարդկանց կտեղափոխեն այն վայրերը, որտեղ ճանապարհների պատճառով նախկինում հասնելն անհնար էր:  

8. Արհեստական բանականության շքերթը

Արհեստական բանականությունն ամենակարեւոր տեխնոլոգիան է, որը մարդը երբեւէ կմշակի: Ես համոզված եմ, որ այն մարդկության համար զանգվածային հնարավորություն է, ոչ թե սպառնալիք:

Լայն իմաստով այն համակարգչի հնարավորությունն է հասկանալ քո հարցը եւ որոնման արդյունքում տալ քեզ ամենաճշգրիտ պատասխանը: Այն նաեւ կօգնի մարդկությանը նրա ամենաբարդ մարտահրավերների դեմ պայքարում:

9. Ֆիզիկա եւ բացահայտումներ

Այս տարի ֆիզիկայի, ինչպես նաեւ տիեզերքի նվաճման հարցում մի շարք կարեւոր քայլեր են կատարվել: Դրանցից է գրավիտացիոն ալիքների հայտնաբերումը՝ ինտերֆերոմետր կոչվող սարքի շնորհիվ: Այդ հայտնագործությունը, որի մասին ժամանակին տեսություն էր առաջ քաշել Ալբերտ Էյնշտեյնը, կարող է դառնալ տասնամյակի կարեւորագույն գիտական հայտնագործություններից մեկը:

10. Կոմերցիոն տիեզերքի նվաճում

Մենք ապրում ենք կոմերցիոն տիեզերքի ստեղծման դարաշրջանում:

SpaceX-ը, Blue Origin-ը, Planetary Resources-ը եւ մի շարք այլ ընկերություններ կառուցում են կոմերցիոն հրթիռներ եւ տիեզերանավեր՝ տիեզերքը հետազոտելու նպատակով: