11:30 | 20.12.16 | Հարցազրույցներ | exclusive 26987

Սաուլ Ռեյքման. Հայաստանում եւ Իսրայելում տեխնո կրթությունն ուշադրության կենտրոնում է

Դեկտեմբերի 12-ին Երեւանում կայացել է Empowering Ideas միջազգային տեխնոլոգիական ֆորումը, որը կազմակերպել էր World Learning կազմակերպությունը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ եւ ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ:

Itel.am-ը զրուցել է ֆորումի խոսնակներից Սաուլ Ռեյքմանի հետ, որն Իսրայելում գործող Challenge հիմնադրամի գործադիր փոխտնօրենն է:

- Ի՞նչ նմանություններ ունեն Հայաստանն ու Իսրայելը:

-Ես զարմացած էի հայտնաբերել, որ Հայաստանն ու Իսրայելն այսքան շատ նմանություններ ունեն:

Առաջին հերթին աշխարհագրական նմանությունները․ երկուսն էլ շատ փոքր են, բնակչությունը՝ քիչ: Այլ նմանություններ են բնական ռեսուրսների պակասը, թշնամի՝ հիմնականում մուսուլման պետություններով շրջապատված լինելը, ոչ վաղ անցյալում անկախացումը, Օսմանյան կայսրության կազմում ժամանակին գտնվելը, ցեղասպանության ենթարկվելը: Բացի այդ, բանակում ծառայելը երկու երկրում էլ պարտադիր է, մեծ ուշադրություն է հատկացվում կրթությանը, հատկապես տեխնոլոգիական կրթությանը:

Իսրայելում կա մեծ թվով ռուսախոս բնակչություն, որոնք եկել են ԽՍՀՄ փլուզումից հետո: Հայաստանում էլ ռուսական ազդեցությունը բավական մեծ է: Այդպիսով երկու երկրների մեջ այսքան նմանություններ կան, եւ դա հետաքրքիր է: Կարծում եմ՝ այս նմանությունները հետազոտելու կարիք կա, քանի որ իսկապես զարմանալի է, թե ինչպես իրարից այսքան հեռու գտնվող երկու երկիր կարող են այսքան նման լինել:

- Իսրայելը համարվում է տեխնոլոգիական համաշխարհային կենտրոններից մեկը: Որո՞նք են նման հաջողությանը նպաստած հիմնական գործոնները:

-Կարծում եմ՝ ամենասկզբից էլ Իսրայելի կառավարությունն է դրան նպաստել: Մենք ունեցել ենք կրթության ոլորտում ուժեղ հիմք, այնպես որ մասնագետները տեխնիկապես բավական գրագետ են: Կարելի է ասել՝ Իսրայելում պրոֆեսիոնալ տեխնիկական աշխատուժ կա:  

Իսրայելում նաեւ գործունեություն են ծավալում բազմաթիվ անդրազգային կորպորացիաներ: Իսրայելական մտածելակերպը, մշակույթը բավական բաց է՝ հարցեր տալու, խնդիրներ լուծելու առումով, եւ սա օգնում է տեխնիկական հարցեր լուծելիս:

Գործոններից կարելի է նշել նաեւ այն, որ բանակը պարտադիր է թե կանանց, թե տղամարդկանց համար, այնպես որ երիտասարդ տարիքում պարտավոր ես խնդիրներ լուծել: Երբեմն պետք է բավական լայն մտածես, քանի որ կարող ես ռեսուրսների, կապիտալի պակաս ունենալ: Շատ երիտասարդ տարիքում առաջացած խնդիրների լուծումն օգնում է երիտասարդներին բանակային ծառայությունն ավարտելուց հետո սկսել զբաղվել բիզնեսով, արդյունաբերությամբ՝ այնտեղ օգտագործելով ձեռք բերած հմտությունները:

- Որքանո՞վ է հետաքրքիր իսրայելական տեխնոլոգիական էկոհամակարգն արտերկրի ստարտափների համար:

- Իսրայելը միգրանտների երկիր է: Օրենքի համաձայն, եթե ունեք հրեաների շրջանում կապեր, ապա ավելի հեշտ է ձեզ համար երկիր մտնելը: Հայերը կարող են վիզա ձեռք բերել եւ մնալ Իսրայելում: Բացի այդ, Իսրայելն էլ է աստիճանաբար բացվում: Մենք հասկանում ենք, որ ավելի շատ պրոֆեսիոնալ աշխատուժի կարիք ունենք: Այնպես որ, դիտարկում ենք անգամ արտերկրից ծրագրավորողների աութսորսի հնարավորությունը:  

Իսրայելը հասկանում է, որ եթե ցանկանում է շարունակել նույն ձեւով, ապա հարկավոր է իր սահմաններն ավելի լայն բացել: Կարծում եմ՝ երկիրն ավելի ու ավելի միջազգային կդառնա առաջիկա տարիների ընթացքում:

- Ո՞րը կլինի ձեր խորհուրդն այն հայկական ստարտափներին, որոնք հետաքրքրված են իսրայելական շուկայով:

- Կարծում եմ՝ նրանք պետք է մեծ ջանքեր գործադրեն եւ կապեր հաստատեն տեղացիների հետ, ինչպես նաեւ չմոռանան «տնային աշխատանք»-ի մասին՝ պատկերացում կազմելով էկոհամակարգի մասին:

Եթե դուք ստարտափ եք, հարկավոր է հասկանալ Իսրայելի մրցակցային դաշտը: Հնարավոր է՝ անհրաժեշտ լինի խոսել տեղում գործող վենչուրային հիմնադրամների կամ անդրազգային կորպորացիաների հետ: Սա մի բան է, որը կարելի է նախապես անել մինչեւ Իսրայել մեկնելը՝ Հայաստանում եղած ժամանակ:

Սաուլ Ռեյքմանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը