12:54 | 14.12.16 | Հարցազրույցներ | exclusive 24569

Սեմ Ադամս. Հաջող ստարտափը պետության եւ ՏՏ ոլորտի համատեղ ծնունդն է

Դեկտեմբերի 12-ին Երեւանում կայացել է Empowering Ideas միջազգային տեխնոլոգիական ֆորումը, որը կազմակերպել էր World Learning կազմակերպությունը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ եւ ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ:

Itel.am-ը զրուցել է ֆորումի խոսնակներից Սեմ Ադամսի հետ, որն Ատլանտա քաղաքի Invest Atlanta տնտեսական զարգացման գործակալության՝ նորարարությունների եւ ձեռներեցության հարցերով մենեջերն է:

- Ատլանտան նորարար քաղաքների 2015թ. գլոբալ վարկանիշում զբաղեցնում է 65-րդ հորիզոնականը: Ո՞րն է նորարար քաղաքի հաջողության բանաձեւը:

- Կարծում եմ, որ կառավարության, մեծ ընկերությունների եւ ստարտափների համագործակցության արդյունքում է ծնվում հաջողությունը: Սակայն կառավարությունը չի կարող ստարտափին հաջողակ դարձնել, այն կարող է օգնել ստարտափին մնալ հաջողակ:

Պետությունը պետք է հասկանա, որ ստարտափներին աջակցությունը անհրաժեշտ է տնտեսական զարգացման համար, եւ որ թվային տնտեսության պայմաններում եթե դուք չեք աջակցում ստարտափներին, ապա «արդյունավետ կերպով» նրանց հուսահատության եք մատնում՝ հաջողակ դառնալու ճանապարհին: Միեւնույն ժամանակ, դուք այդ ստարտափներին խրախուսում եք թողնել ամեն ինչ ու մեկնել այլ երկիր: Ստարտափներին աջակցելն օգնում է նրանց մնալ այնտեղ, որտեղ նրանք սկսել են գործել:

- Ձեր կարծիքով՝ ԱՄՆ կառավարությունը բավարար կերպով աջակցո՞ւմ է ստարտափներին:

- Կարծում եմ՝ այդ աջակցությունը տարբեր է ԱՄՆ տարբեր հատվածներում: Ատլանտան, օրինակ, կենտրոնացած է ստարտափներին բացահայտելու եւ աջակցելու ուղղությամբ: Ահա թե ինչու է ներդրվել իմ պաշտոնը՝ որպես նորարարության եւ ձեռներեցության հարցերով մենեջեր Invest Atlanta-ում:

Մենք ցանկանում էինք ունենալ առանձին ռեսուրս, որը բացառիկ կերպով կենտրոնացած կլիներ ստարտափներին աջակցող եւ մրցունակ տնտեսություն ստեղծելու ուղղությամբ եւ կօգտագործեր այդ ստարտափները՝ բոլորի համար նորարար քաղաք ստեղծելու նպատակով:

Մենք ցանկանում ենք, որ դրսի ստարտափներն Ատլանտան դիտարկեն որպես վայր, որտեղ իրենք կարող են բիզնես վարել: Մենք օգնում ենք ստարտափներին կապի մեջ մտնել տեղական ինկուբատորների հետ: Կազմակերպում ենք ստարտափ փոխանակություններ, այդպիսով այլ երկրների եւ արտերկրից ինկուբատորների հետ կամուրջներ ենք ստեղծում:

Երբ նայում ենք Սիլիկոնյան հովտին, Օսթինին կամ Դենվերին, նրանք բոլորը փորձում են որոշակի աջակցություն ուղղել ստարտափներին:

- Իսկ որքանո՞վ է նպատակահարմար այս տարածաշրջանում Սիլիկոնյան հովտի մոդելի ներդրումը: Արդյոք մոդելն առանձնահատո՞ւկ է եւ չի՞ կարող ադապտացվել:

- Սիլիկոնյան հովիտը բավական հին մոդել է, այն թվագրվում է 60-70-ականներին: Հետեւաբար, 40-50 տարվա պատմություն ունեցող Սիլիկոնյան հովտին ընդօրինակելը բարդ է: Կարծում եմ՝ ավելի արդյունավետ է հասկանալ, թե ինչ հնարավորություններ կան ստարտափ համայնքի համար այստեղ՝ Հայաստանում:

Մոլդովայում, օրինակ, գյուղատնտեսությունը բավական զարգացած է, սակայն ոչ բոլորն են տեխնոլոգիաները կապում գյուղատնտեսության հետ: Այնինչ տեխնոլոգիաները կարելի է կապել ամեն ինչի հետ: Մոլդովան Սիլիկոնյան հովիտ դառնալու փոխարեն ունի լավ հնարավորություն՝ կենտրոնանալու գյուղատնտեսության ոլորտում տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ:

Ավելի ճիշտ է հասկանալ տեղական շուկայի առանձնահատկությունները եւ միաժամանակ օգտագործել Սիլիկոնյան հովտի բաղադրիչները՝ ներդրումներ, կրեատիվություն, ձախողման ընդունում: Սրանք կարող են դառնալ ցանկացած լոկալ տնտեսության առաջնային նպատակներ:

- Այնուամենայնիվ, ի՞նչ վատ հետեւանքներ կարող է ունենալ Սիլիկոնյան հովտի մոդելի կրկնօրինակումը:

-Երբեմն մարդիկ փորձում են լինել այն, ինչ չեն կարող լինել: Երբ Ատլանտան փորձում էր հասկանալ, թե ինչի ենք մենք ցանկանում հասնել, հաճախ ասում էինք, որ 2-3 տարի հետո հարավի Սիլիկոնյան հովիտն ենք դառնալու, բայց դա անհնար է: Սահմանել նպատակներ, որոնց վերջում չես հասնելու, մարդկանց տանելու է հուսահատության եւ ձախողման: Ուստի պետք է նայել, թե ինչն է աշխատող եւ փորձել ռեալիստ լինել: Չեմ կարծում, որ որեւէ այլ վայր երբեւէ դառնալու է Սիլիկոնյան հովիտ, բայց դա չի նշանակում, որ մյուսները հաջողակ լինել չեն կարող:

Ստարտափի հիմնադիրները ցանկանում են աշխատել մի բանի վրա, որին հավատում են: Եվ եթե դուք զգում եք, որ օրեցօր ավելի մոտ եք կանգնում ձեր նպատակին, նշանակում է, որ ճիշտ ուղղությամբ եք գնում: Եվ այն փաստը, որ դուք այս տարի կամ երկու տարուց Սիլիկոնյան հովիտ չեք դառնալու, ոչ մի դեպքում չի նշանակում, որ դուք արժեք չունեք:

- Ըստ Ձեզ՝ օտարերկրյա ստարտափների համար ԱՄՆ շուկայի ընձեռած հնարավորությունները լավագո՞ւյնն են:

- Կարծում եմ՝ եվրոպական ստարտափների համար Եվրոպան, այնուամենայնիվ, լավագույն վայրն է: Եվրոպայում գործում են մի շարք հզոր ստարտափ համայնքներ, պետական կանոնակարգեր: Գործոններից են նաեւ առեւտուրը, մի շարք մշակութային հարցեր, որոնք մեծ ազդեցություն ունեն ստարտափի հաջողության վրա:

Ես ստարտափների ճանապարհորդելու եւ ուրիշներից նոր բաներ սովորելու մեծ կողմնակիցն եմ: Սակայն եթե ես Հայաստանում ստարտափ հիմնեի եւ տեղափոխվելու հարց առաջանար, իմ ընտրությունն ավտոմատ կերպով ԱՄՆ-ն չէր դառնա՝ միայն այն պատճառով, որ այնտեղ Սիլիկոնյան հովիտ կա: Ես կգնայի այնտեղ, որտեղ իմ պրոդուկտին մոտ ստարտափներ կան, քանի որ շատ ավելի հեշտ է, երբ մարդիկ գլուխ են հանում քո բիզնեսից:

- Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք հայաստանյան ստարտափներին:

- Դիտարկե՛ք ստարտափ էկոհամակարգը որպես համայնք: Դա կարող է ներառել շաբաթվա մեջ միմյանց հետ խմելուց մինչեւ նմանատիպ ֆորումներին մասնակցությունը: Նման համայնք եւ աջակցություն ստեղծելը իսկապես մեծ ազդեցություն կարող է գործել:  

Ուզում եմ ասել, որ ընկերություն ստեղծելը բավական բարդ է, եւ լինել այն մարդկանց շրջապատում, որոնք անում են այն, ինչ դուք եք անում, օգնում է: Դա նաեւ ենթադրում է ուրախանալ միմյանց հաջողություններով:

Երկրորդ խորհուրդն է փնտրել մենթորներ, մարդիկ, որոնք շատ լավ են հասկանում ձեր ոլորտից: Գտե՛ք մենթոր, չէ՞ որ ստարտափ համայնքում միշտ առկա է միմյանց օգնելու գործոնը:

Սեմ Ադամսի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը