14:15 | 30.11.16 | Նորություններ | exclusive 8922
Դեկտեմբերի 3-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կկայանա Seedstars Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային համաժողովը, որին կմասնակցի նաեւ Seedstars-ի այս տարվա հայաստանյան հաղթող EarlyOne ստարտափը։
Ստարտափի մշակած լուծումը հնարավորություն է տալիս բիզնեսներին կրճատել հաճախորդների սպասելու ժամանակը` այդպիսով տարեկան խնայելով շուրջ $30 հազ.։ Համակարգը հարմար է բանկային եւ ֆինանսական, առողջապահական եւ բժշկական, հեռահաղորդակցության եւ հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների համար։
Seedstars-ից Itel.am-ին հայտնել են, որ միջոցառումը տարածաշրջանում իրենց այս տարվա աշխատանքի կուլմինացիան է։ Հայաստանից բացի, կմասնակցեն Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի, Չեխիայի, Ուկրաինայի եւ Մոլդովայի ազգային հաղթողները, ինչպես նաեւ ստարտափներ Ղազախստանից։
Ստարտափները փիչինգի հնարավորություն կստանան ներդրողների, ԶԼՄ-ների եւ ձեռներեցեների 300-հոգանոց լսարանի ներկայությամբ։ Տարածաշրջանային միջոցառմանը կնախորդի երկօրյա ուսուցողական ծրագիրը (boot camp), որի շրջանակում ստարտափները կաշխատեն արտասահմանցի մենթորների հետ՝ բարելավելու իրենց պրոդուկտների բիզնես մոդելները եւ փիչինգ հմտությունները։
Այս տարվա ծրագիրը ստարտափներին հնարավորություն է տալիս նաեւ մասնակցել Seedstars Growth աքսելերացիոն ծրագրին՝ սաղմնային ներդրում ստանալու հնարավորությամբ։
Նշենք, որ ազգային հաղթողները 2017թ․ ապրիլին մասնակցելու են Շվեյցարիայում կայանալիք համաշխարհային մրցույթին։ Հաղթողներին սպասվում է մինչեւ $500 հազ. ներդրում եւ այլ մրցանակներ։
«Մենք ուրախ ենք միավորել ստարտափներին, ձեռներեցներին, ներդրողներին եւ էկոհամակարգի մյուս խաղացողներին՝ աջակցելով ավելացնել կապերը եւ արագացնելով տարածաշրջանում ծնված գլոբալ բիզնեսների աճը»,- ասել է Կենտրոնական /Արեւելյան Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում/Հյուսիսային Աֆրիկայում Seedstars World-ի ներկայացուցիչ Թիֆանի Օբսերը։
«Seedstars-ը հարթակ է, որը միավորում է ներդրողներին հաջորդ սերնդի ստարտափ ձեռներեցների հետ: Մենք կարծում ենք, որ զարգացող երկրներում ազդեցություն ունենալու լավագույն ձեւը ձեռներեցության մեջ ներդրումն է եւ դրա խթանումը։ Անհամբեր ենք տեսնել, թե ինչպես են տարբեր երկրների ստարտափ էկոհամակարգերը զարգացել վերջին մեկ տարվա ընթացքում»,- նշել է Seedstars World-ի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ալիզ դե Տունակը։
Հիշեցնենք, որ մրցույթի հայաստանյան եզրափակիչը կայացել էր հունիսի 25-ին: Ինչ վերաբերում է նախորդ տարիներին, ապա Seedstars Yerevan-ի 2013թ. հաղթող SoloLearn-ը, որը ՄԻԿ աքսելերացիայի ստարտափներից է, նույն տարում ընդգրկվել էր Seedstars World-ի լավագույն եռյակի մեջ: 2015թ. էլ հայաստանյան հաղթող EyeCare թիմը հայտնվել էր Seedstars World-ի լավագույն տասնյակում:
Itel.am-ի զրույցը Seedstars-ի Կենտրոնական/Արեւելյան Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի/Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային համակարգող Իգոր Օվչարենկոյի հետ հասանելի է այստեղ։