17:37 | 24.11.16 | Նորություններ | 13784
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Վիմպելկոմ գրուպ»-ի գործադիր տնօրեն Ժան Իվ Շարլիի գլխավորած պատվիրակությանը:
Կարեւորելով տեղակատվական եւ հեռահաղորդակցության ոլորտի շարունակական առաջընթացը Հայաստանում՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը պատրաստում է այս բնագավառի հետագա զարգացման նոր փաթեթ:
Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ գործադիրը պատրաստ է «Վիմպելկոմ գրուպ»-ի հետ քննարկել տարբեր նախաձեռնություններ եւ առաջարկություններ՝ ուղղված Հայաստանում ընկերության ծրագրերի ընդլայնմանը:
Ժան Իվ Շարլին էլ նշել է, որ իր գլխավորած ընկերությունը Հայաստանում ունի գործունեության երկարաժամկետ տեսլական եւ նախապատրաստում է ներդրումային մեծածավալ ծրագրեր: Նրա խոսքով՝ դրանք ուղղված են լինելու ֆիքսված եւ շարժական կապի ծառայությունների բարելավմանն ու ենթակառուցվածքների արդիականացմանը:
Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը եւ կոչ արել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն ներկայացնել ոլորտի զարգացմանն ուղղված առաջարկություններն ու ակնկալիքները կառավարությունից: