17:14 | 24.11.16 | Նորություններ | 3774

«Կասպերսկի»-ն ՀՀ-ին է փոխանցում կիբերանվտանգության ոլորտի իր փորձը

Համակարգչային անվտանգության միջազգային «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերությունը Հայաստանում շարունակում է պետական եւ մասնավոր հատվածի կազմակերպություններին կիբերանվտանգության ոլորտի փորձի ու գիտելիքների փոխանցման ծրագրերը։

Ընկերությունն այսօր Երեւանում անցկացվում է «Այսօրվա եւ վաղվա կիբեռսպառնալիքները» խորագրով Kaspersky Security Day երկրորդ գործնական կոնֆերանսը՝ նվիրված խոշոր ձեռնարկությունների դեմ ուղղված ժամանակակից ՏՏ-սպառնալիքները չեզոքացնելու եւ դրանց հետեւանքները նվազագույնի հասցնելու մեթոդներին եւ գործիքներին։

Kaspersky Security Day-ին մասնակցում են հայկական եւ միջազգային առաջատար ընկերությունների 82 ներկայացուցիչներ, որոնք ունեն ՏՏ-անվտանգության ոլորտում որոշումներ կայացնելու լիազորություն։

Կոնֆերանսն անցկացնում են «Կասպերսկի Լաբորատորիա»-ի առաջատար փորձագետներ Արմեն Կարապետյանը, Ալեքսեյ Գորելկինը, Ալեքսեյ Կիսելեեւը եւ Բուլատ Սիրաեւը։

Նրանք ներկայացնում են «Ժամանակակից սպառնալիքներ եւ կորպորատիվ ենթակառուցվածքի պաշտպանության մեթոդներ», «Վիրտուալ միջավայրերի եւ տվյալների մշակման կենտրոնների անվտանգություն», «Ժամանակակից DDoS-գրոհներ. ո՞րն է վտանգը», «Թիրախային գրոհները՝ ժամանակակից անվտանգության պատուհաս» եւ Kaspersky Anti Targeted Attack Platform թեմաները։ Գործնական կոնֆերանսի մասնակիցներն իրենց հմտությունները կդրսեւորեն ու նոր գիտելիքներ կստանան նաեւ բիզնես-խաղի՝ ինֆորմացիոն անվտանգության թրեյնինգի ընթացքում։

«Kaspersky Security Day-ը Երեւանում անկացվում է երկրորդ անգամ։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ն վերջին երկու տարում Հայաստանում իրականացրել է բազմաթիվ նախագծեր։ Եվ այս գործնական կոնֆերանսի մասնակիցների թվի մեծությունը եւ ներկայացուցչական բարձր մակարդակը վկայում են այն մասին, որ «Կասպերսկի Լաբորատորիա»-ին հաջողվել է Հայաստանում արմատավորել պատշաճ կիբեռանվտանգություն ապահովելու անհրաժեշտության գաղափարը։ Սակայն մեր ընկերությունը կանգ չի առնելու եւ շարունակելու է Հայաստանի գործընկերների հետ համագործակցությամբ իրականացնել պետական եւ մասնավոր հատվածներում կիբեռանվտանգության ամրապնդմանն ուղղված նախագծեր»,- նշել է Հայաստանում եւ Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։