11:53 | 07.11.16 | Հարցազրույցներ | exclusive 29943

Ռոն Վայսմենը՝ հայկական ՏՏ-ի եւ Սթիվ Ջոբսի հետ ընկերության մասին

Անցած ամիս Երեւանում՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, անցկացվեց HIVE ներդրումային հիմնադրամի կազմակերպած Silicon Valley UNLEASHED: Inside Tech’s Greatest Minds միջոցառումը:

Itel.am-ը զրուցել է միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Սիլիկոնյան հովտի ամենահին սաղմնային ներդրումներ (seed investments) իրականացնող Band of Angels կազմակերպության նախագահ Ռոն Վայսմենի հետ:

-Դուք բավական ծանոթ եք հայկական տեխնոլոգիական ոլորտին: Ձեր կարծիքով՝ ի՞նչ բացեր ունի հայկական ՏՏ-ն, որի ուղղությամբ արժե աշխատել:

-Ես եկել եմ այստեղ նաեւ անցյալ նոյեմբերին՝ Ռոջեր Ստրաուչի հետ «Ինչպես ներկայացնել բիզնես ծրագիրը ներդրողներին» սեմինարը վարելու նպատակով: Ընդհանուր առմամբ, երկար ժամանակ է՝ ինչ աշխատում եմ Սիլիկոնյան հովտում գործող հայկական ընկերությունների հետ: Այսպես ասեմ, գիտելիքներ ունեմ հայկական ՏՏ ոլորտի մասին, սակայն փորձագետ չեմ:

Հայաստանում ֆենոմենալ է մարդկային կապիտալի առկայությունը: Ես իմ կարիերայի ընթացքում այցելել եմ հարյուրավոր կրթական հաստատություններ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում: Բայց աշխարհում շատ քիչ են, օրինակ, «Թումո»-ի պես վայրերը: Ձեր ուսանողները շատ լավ են մաթեմատիկայից, շախմատից, տեխնոլոգիապես բավական խելացի են:

Սակայն Հայաստանն ունի կառուցվածքային խնդիր, որը միայն Հայաստանին չէ, որ հատուկ է: Նույնը նկատել եմ մյուս փոքր, սակայն խելացի երկրներում, օրինակ՝ Չիլիում: Խնդիրն այն է, որ Հայաստանի շուկան շատ փոքր է: Կուզենայի, որ տարածաշրջանային շուկան ավելի մեծ լիներ: Կարելի է ինչ-որ քայլեր նախաձեռնել, օրինակ՝ Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի հետ եւ ստեղծել Հայաստանի չափսերից 4-5 անգամ ավելի մեծ շուկա՝ կապիտալ ներգրավելու եւ առեւտուրն ավելի հեշտացնելու համար:  

- Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն է հայկական ՏՏ-ի ներկայացվածությունը Սիլիկոնյան հովտում:

-Այս հարցին չկա ընդհանրացված պատասխան: Սիլիկոնյան հովիտն ունի շատ բաց մշակույթ: Հայ ձեռներեցներն այնտեղ իրենց բավական լավ են զգում եւ ունեն առավելություն՝ Սփյուռքը: Այսպես կոչված, բնական նեթվորք կա ձեւավորված: Կարո՞ղ է այդ նեթվորքն ավելի հզոր եւ խոստումնալից դառնալ՝ այո՛, կարող է:

Կառաջարկեի, որ գործեր, օրինակ, ինֆորմացիոն ծառայություն, որի միջոցով Սփյուռքի հայերը կկարողանային տեղեկանալ տեխնոլոգիական այն հնարավորությունների մասին, որոնք առկա են Հայաստանում կամ հայերի կողմից: Ես շատ հայ ծանոթներ ունեմ եւ երբ նրանց պատմում եմ Հայաստանի տեխնոլոգիական հնարավորությունների մասին, նրանք ցանկանում են ներգրավվել գործընթացում:

Ռուսները, օրինակ, Սիլիկոնյան հովտում ամեն տարի կոնֆերանս են կազմակերպում՝ 1000-ից ավելի մասնակցով: Նորվեգիան, Ֆինլանդիան եւ Դանիան Հովտում կոչվում են Սիլիկոնյան վիկինգներ եւ հաճախ են մեծ կոնֆերանսներ կազմակերպում: Ուստի կարեւոր է Հայաստանի եւ Սիլիկոնյան հովտի, Նյու Յորքի եւ մյուս տեխնոլոգիական կենտրոնների միջեւ կամուրջների կառուցումը:

Այս առումով ապրիլին Սան Ֆրանցիսկոյում կայացած HyeTech միջոցառումը շատ կարեւոր քայլ էր, բայց ավելին է պետք անել:

-Ո՞րն է Սիլիկոնյան հովտի այն մութ կողմը, որի մասին հայկական ստարտափները պետք է նախապես իմանան:

-Չպետք է ամեն լսած բան «հալած յուղի տեղ ընդունել»:

Հարկավոր է ԱՄՆ այլ հատվածներ եւս այցելել: Հաճախ եմ ասում, որ Պալո Ալտոն իրական աշխարհ չէ, այնտեղ բոլորն ունեն ամենաթարմ սարքերը, խոսում են տեխնոլոգիական վերջին թրենդների մասին: ԱՄՆ այլ քաղաքներում այդպես չէ՝ տեխնոլոգիան գերակայող չէ մարդկանց կյանքում:

-Դուք 10 տարի շարունակ աշխատել եք Սթիվ Ջոբսի հետ: Նա երբեւէ խոսե՞լ է Ձեզ հետ իր ընտանիքի, մասնավորապես խորթ մոր՝ Կլարա Հակոբյանի մասին:

-Սթիվը պաշտում էր իր ծնողներին, սակայն, միեւնույն ժամանակ՝ շատ փակ մարդ էր:

Հիշում եմ՝ մի անգամ փակ միջոցառում էր եւ Սթիվից հարցազրույց էին վերցնում կարծեմ հեռուստաալիքներից մեկի համար: Եվ լրագրողին նախապես զգուշացրին՝ կարող եք տալ ցանկացած հարց, բայց ոչ ընտանիքի մասին: Սակայն լրագրողը, այնուամենայնիվ, հարցրեց Սթիվին իր ընտանիքի մասին, որի արդյունքում Սթիվը պարզապես վեր կացավ ու հեռացավ:
Գուցե հոգեբանական խնդիր էր, քանի որ որդեգրված երեխաները վախենում են, որ իրենց որդեգրած ընտանիքը կարող է բիոլոգիական ընտանիքի պես մի օր իրենց թողնել: Մի բան հաստատ գիտեմ՝ Սթիվ Ջոբսը պաշտպանում եւ փակ էր պահում իր ընտանիքը: Ես իմացա, որ Սթիվին որդեգրած կինը հայ է, երբ կարդացի նրա ինքնակենսագրականը:

- Ասում են նաեւ, որ Ջոբսը հայերեն  խոսել գիտեր:

- Գուցե սովորել է իր մորից, բայց ինձ երբեք ոչինչ չի ասել այդ մասին: Սթիվը շատ մոտ էր Ավի (Ավետիս) Թեւանյանի հետ: Վերջինս ծրագրային ապահովման մշակման գծով Apple-ի ավագ փոխտնօրենն էր (1997-2003 թթ.), ապա ծրագրային ապահովման տեխնոլոգիաների գծով տնօրենը (2003-2006 թթ.): Հենց նա է Ռիչարդ Ռաշիդի հետ ստեղծել Mach միկրոմիջուկը, որը հետագայում դարձավ NeXT օպերացիոն համակարգի և Mac OS X-ի հիմքը: Թեւանյանին համարում են Mac OS X օպերացիոն համակարգի գլխավոր ծրագրավորողներից մեկը:

Ռոն Վայսմենի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը