12:26 | 25.10.16 | Հարցազրույցներ | exclusive 28488

Uber-ի ներկայացուցիչները հայկական ՏՏ զարգացումները «ֆանտաստիկ» են որակում

Անցած շաբաթ Երեւանում՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, անցկացվեց HIVE ներդրումային հիմնադրամի կազմակերպած Silicon Valley UNLEASHED: Inside Tech’s Greatest Minds միջոցառումը:

Itel.am-ը զրուցել է միջոցառմանը մասնակցելու նպատակով Երեւան ժամանած Uber ընկերության Առաջատար տեխնոլոգիաների կենտրոնի անվտանգության հարցերով ղեկավար Քրիս Վալասեկի եւ նույն կենտրոնի ծրագրավորման մենեջեր Ռոբի Սեջվիքի հետ:

-Մինչ Հայաստան այցելելը տեղյա՞կ էիք հայկական ՏՏ-ի մասին, գուցե Րաֆֆի Գրիգորյանի՞ միջոցով:  

Քրիս Վալասեկ – Րաֆֆին, իհարկե, պատմել է հայկական ՏՏ-ի մասին, ծանոթ էինք նաեւ Teamable-ին: Իսկ «Թումո»-ն ֆանտաստիկ վայր է: Երբ ես այս պատանիների տարիքին էի, պարզապես կերազեի նման վայրում սովորելու հնարավորության մասին: Այս պատանիներին ոչ ոք չի ստիպում այստեղ գալ, նրանք իրենց սեփական կամքով են գալիս:

Ռոբի Սեջվիք - Իրականում Րաֆֆին մեզ շատ է պատմել այստեղի զարգացումների մասին: Սակայն մի բան է՝ լսել, որ այստեղ գործում է «Թումո» կենտրոն, եւ մի բան է՝ սեփական աչքերով տեսնել: Անչափ տպավորված եմ: Ինձ հիացնում է կենտրոնում տարբեր նախագծերի ուղղությամբ իրականացվող աշխատանքի ծավալը. պատանիները ոչ թե նախագծի փոքր մասն են կազմում, այլ մասնակցում են ամբողջ գործընթացին: Սա ֆանտաստիկ է:

Ինչ վերաբերում է հայկական ստարտափներին, ապա ինձ հատկապես տպավորել է Skycryptor ստարտափը, որի թիմը ֆանտաստիկ աշխատանք է անում:

-Որքան մարդ է աշխատում Uber-ի Առաջատար տեխնոլոգիաների կենտրոնում, շուրջ հարյո՞ւր: Աշխատակիցների թվում հայեր կա՞ն:

Քրիս Վալասեկ – Փիթսբուրգում գտնվող մեր կենտրոնի աշխատակիցների թիվն ավելի քան 100 է: Ստարտափների հետ համեմատելու դեպքում, կարող եմ ասել, որ անձնակազմը բավական մեծ է, սակայն ընդհանուր տեխնոլոգիական համակարգի համար՝ փոքր է:

Մեզ հետ եւս մեկ հայ է աշխատում՝ Նարեկը: Նա մեծացել է Երեւանում եւ շատ է պատմել մեզ Հայաստանի մասին:

- Խոսենք ինքնավար կառավարմամբ ավտոմեքենաների (self-driving cars) մասին, որոնք ձեր կենտրոնի հիմնական պրոդուկտն են: Ինչպե՞ս կնկարագրեք Ինքնավար կառավարմամբ ավտոմեքենան մեկ բառով:

Քրիս Վալասեկ - Ֆուտուրիստական: Այնքան ոգեւորիչ է միայն այն փաստը, որ ավտոմեքենան կարող է ինքնուրույն վարել: Այդ ավտոմեքենան չի կարող հարբած վարել, հոգնած լինել եւ կարող է ընթանալ ձեր նախընտրած ուղղությամբ:

Ռոբի Սեջվիք - Իսկ ես ավտոմեքենան կնկարագրեմ երկու բառով՝ աշխարհը փոխող (world-changing):

Քրիս Վալասեկի եւ Ռոբի Սեջվիքի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը

Uber ընկերության Առաջատար տեխնոլոգիաների կենտրոնի ինժեներական գծով տնօրեն Րաֆֆի Գրիգորյանի հետ հարցազրույցը կարդացեք այստեղ: