17:16 | 04.11.16 | Նորություններ | 5150

Dasaran-ի թիմը պարգեւատրվել է ԿԳՆ «Ոսկե հուշամեդալ»-ով

ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը եւ Dasaran կրթական ծրագիրն այսօր կնքել են փոխըմբռնման հուշագիր:

Հուշագիրը նպատակաուղղված է հետեւողականորեն բարելավելու Հայաստանում կրթության որակը, բարձրացնելու կրթության կառավարման արդյունավետությունն ու թափանցիկությունը, կիրառելու համաշխարհային կրթության եւ կրթական ձեւերի լավագույն փորձը:

«Ի վերջո, ստորագրվեց շատ կարեւոր մի հուշագիր մեր համակարգի համար մեծ աշխատանք կատարած ծրագրի հետ: Իրապես, այն, ինչ կատարում է Dasaran-ը, իր որակով, իր ձեւաչափով համաշխարհային ստանդարտների մեջ է»,- նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

Հուշագրի կնքումը միտված է նաեւ Dasaran-ում առկա էլեկտրոնային գործիքների կատարելագործմանը եւ նորերի ստեղծմանը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարը Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանին եւ ծրագրի թիմին նաեւ պարգեւատրել է նախարարության բարձրագույն պարգեւով`«Ոսկե հուշամեդալով»:

«Նման գնահատականն ավելի է պարտավորեցնում մեր ամբողջ թիմին առավել նվիրված եւ հետեւողական լինել մեր գործում: Մենք հավատում ենք, որ մեր ջանքերի եւ անձնվեր աշխատանքի շնորհիվ մեր երկրի կրթական ոլորտը կհասցնենք առավելագույն զարգացվածության»,- ասել է Սուրեն Ալոյանը: