16:45 | 04.11.16 | Նորություններ | 3237

ՏՄՊՊՀ. Ռոումինգի սակագները 8 անգամ նվազել են

Բջջային կապի օպերատորները միջազգային բջջային կապի ծառայության (ռոումինգ) սակագները նվազեցրել են շուրջ 8 անգամ՝ հետեւելով ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) առաջարկին:

Ինչպես այսօր հայտնել են ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից, գների վերանայման առաջարկը ներկայացվել էր` հիմնվելով ռոումինգի ոլորտում իրականացված ուսումնասիրության վրա:

Վերջինիս համաձայն` Հայաստանում ռոումինգի ծառայությունների սակագները տեղական զանգերի համեմատ թանկ էին գրեթե 50 անգամ:

Մասնավորապես, եթե ՀՀ  քաղաքացին ներպետական զանգեր կատարելիս 1 րոպեի դիմաց վճարում էր միջինը 25 դրամ, ապա, օրինակ, ԵԱՏՄ անդամ երկրներից դեպի ՀՀ զանգերը միջինում արժեին 1200 դրամ` 1 րոպեի դիմաց:

ՏՄՊՊՀ-ում տեղեկացրել են, որ մի քանի ամիս տեւած քննարկումների արդյունքում ոլորտի ընկերությունները որոշել են վերանայել իրենց գնային քաղաքականությունը:

«Նախկինում Beeline-ի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Ucom-ի բաժանորդները ԵԱՏՄ անդամ երկրներից դեպի ՀՀ զանգեր կատարելիս 1 րոպեի դիմաց միջինում վճարում էին համապատասխանաբար 541 դրամ, 780 դրամ եւ 2150 դրամ: ՏՄՊՊՀ-ի առաջարկների փաթեթի ներկայացումից հետո սակագները նվազել են համապատասխանաբար 3 անգամ, 2 անգամ եւ 8,6 անգամ՝ միջինում կազմելով 250 դրամ։ Կրկնակի նվազել է նաեւ SMS հաղորդագրությունների դիմաց գանձվող վճարների գումարը՝ 124 դրամից դառնալով 65 դրամ»,- ասված է հայտարարությունում:

Հանձնաժողովում ընդգծել են, որ սակագների հետագա նվազման հարցում լինելու են հետեւողական: