14:22 | 03.11.16 | Հոդվածներ | exclusive 26768

Հայկական Roofbot խաղի հաջողությունները AppStore-ում

Հայկական Roofbot դասական փազլ խաղն Apple ընկերության կողմից բոլոր երկրներում ստացել է գլոբալ առաջխաղացման իրավունք (featured)՝ «Լավագույն նոր խաղեր» անվանակարգում:

Խաղը 4-րդ հորիզոնականն է զբաղեցրել ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Կանադայի AppStore-երում:
 
Խաղը հասանելի է ինչպես AppStore-ում (վճարովի՝ $2.99), այնպես էլ Google Play-ում:

Խաղը մշակած Koreez ընկերությունը հիմնադրվել է 2016թ. մարտին խաղերի մշակման ոլորտում աշխատող ընկերների՝ Սարգիս Սարգսյանի, Արբակ Մարտիրոսյանի, Անուշ Առաքելյանի եւ Խաչատուր Բադալյանի կողմից: Յոթ աշխատակից ունեցող թիմում ընդգրկված են ծրագրավորողներ, նկարիչներ եւ գեյմ դիզայներներ:

Itel.am-ի հետ զրույցում ընկերության տնօրեն Սարգիս Սարգսյանը նշել է, որ AppStore-ում գրանցած հաջողությանը նպաստել է իրենց համագործակցությունը խաղերի զարգացմամբ զբաղվող ամերիկյան Double Coconut ընկերության հետ:

«Roofbot-ում գլխավոր հերոսը՝ ռոբոտը, տեղափոխում է երկրաչափական տարբեր առարկաներ եւ պետք է դրանք տեղադրի իրենց համապատասխան վայրերում։ Խնդրի հետաքրքրությունն այն է, որ միջավայրը փոխվում է ռոբոտի շարժմանը համընթաց: Խաղի առաջին տարբերակը հայտնվել է Google Play-ում օգոստոսի 13-ին։ Նշեմ, որ խաղը մասնակցել է Google-ի կազմակերպած Indie game festival-ին եւ հայտնվել եզրափակչում»,- պատմել է Սարգիս Սարգսյանը:  

Նրա խոսքով՝ իրենց թիրախային լսարանը 18-35 տարեկան գլուխկոտրուկ (փազլ) խաղերի սիրահարներն են։

Ընկերությունը պլանավորում է Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ խաղի թեմատիկ թարմացում ներկայացնել, որտեղ նոր փուլեր կավելացվեն: Խաղն առաջիկայում կգործարկվի համակարգչային Steam հարթակի համար։

Նարինե Դանեղյան