15:53 | 13.10.16 | Նորություններ | 16585
«Երեւան էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում այսօր մեկնարկել է Սպառազինությունների եւ պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2016 առաջին միջազգային եռօրյա ցուցահանդեսը:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանում առաջին անգամ անցկացվող նմանատիպ ցուցահանդեսը միտված է պաշտպանության ոլորտում հայրենական գիտատեխնիկական արդի ձեռքբերումների օգտագործմանն ու ներկայացմանը, ներդրումների խթանմանն ու միջազգային կապերի ընդլայնմանը:
«ArmHiTec-ն ունի բոլոր նախադրյալները՝ վերածվելու զինված ուժերի շահերի համար առաջադեմ գաղափարների եւ մշակումների քննարկման հեղինակավոր հարթակի»,-ասել է նախարարը:
Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ ցուցահանդեսում հիմնական շեշտը դրված է բարձր տեխնոլոգիաների լուծումների վրա:
«Բարձր տեխնոլոգիաների ասպարեզում մենք ունեն բավարար ներուժ՝ պաշտպանության ոլորտում նորագույն մշակումները կիրառելու եւ ներդրումային բարենպաստ պայմաններ ստեղծելու համար: Լիահույս եմ, որ այս ցուցահանդեսը կնպաստի միջազգային ռազմատեխնիկական համագործակցության ընդլայմանն ու մասնակից երկրների ռազմաարդյունաբերության ներուժի զարգացմանը»,- հավելել է Վիգեն Սարգսյանը:
Նախարարը նկատել է, որ ցուցահանդեսի անցկացումը «Մերգելյան ինստիտուտում» խորհրդանշական է, քանի որ այն խորհրդային տարիներին ռազմաարդյունաբերության ոլորտում բացառիկ դեր ու նշանակություն ուներ:
«Այս հաստատության մշակած հատուկ հաշվիչ համալիրները հանդիսանում էին ԽՍՀՄ զինված ուժերի կառավարման համակարգի հանգուցային բաղադրիչները»,- նկատել է նախարարը:
Նրա խոսքով՝ Հայաստանի ռազմաարդյունաբերությունն ունի տնտեսության խթանիչ ուժ դառնալու բոլոր հնարավորությունները:
«Տեղական բոլոր արտադրողներին, գիտական ոլորտի ներկայացուցիչներին, հայրենական ու միջազգային բուհերի առաջատար ուսանողներին կոչ եմ անում ջանք ու եռանդ չխնայել ազգ-բանակ տիրույթում իրենց ներգրավվածության շրջանակներն ուրվագծելու համար»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան իր հերթին ընդգծել է ցուցահանդեսի կարեւորությունը:
«Այն ամենն, ինչ արվում է ՀԱՊԿ-ի շրջանակում, ուղղված է կազմակերպության անդամ երկրների անվտանգության ապահովմանը: Իհարկե, հիմնական ջանքերը գործադրվում են առաջին հերթին քաղաքական միջոցներով անվտանգության ապահովմանը: Միաժամանակ, իրադարձությունների զարգացման տրամաբանությունն ու միտումները վկայում են կազմակերպության ուժային ներուժի ամրապնդման անհրաժեշտության մասին»,- ասել է Նիկոլայ Բորդյուժան:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ կազմակերպության անդամ պետությունների ուժերը պետք է գործեն արդյունավետ եւ պատրաստ լինեն դիմագրավելու ցանկացած սպառնալիքի, եւ պետք է ապահովված լինեն ժամանակակից սպառազինությամբ եւ տեխնիկայով, իսկ այդ տեխնիկան պետք է լինի օպերատիվ եւ թույլ չտա զինծառայողներին առնչվել դժվարությունների հետ:
Նիկոլայ Բորդյուժան հույս է հայտնել, որ նմանատիպ ցուցահանդեսի կազմակերպումը Հայաստանում ամենամյա բնույթ կկրի: