12:03 | 13.10.16 | Նորություններ | 4217

Նոյեմբերյանում քննարկվել է սահմանամերձ շրջանների ՏՏ-ի զարգացումը

Հոկտեմբերի 8-ին Նոյեմբերյանի քաղաքապետարանում կայացել է Information Technology Meet-up v1 միջոցառումը, որի նպատակն էր սահմանամերձ համայնքներում զարգացնել ՏՏ ոլորտը:

Միջոցառումը կազմակերպել էին ՏՏ գործարարներ Տիգրան Ազատյանը, Վիկտոր Մամյանը, Արմեն Գաբրիելյանը եւ գործարար Արթուր Ամիրաղյանը:

Տիգրան Ազատյանը Itel.am-ի հետ զրույցում նշել է, որ գաղափարն իրագործել են առանց կողմնակի ֆինանսավորման:

Միջոցառմանը մասնակցել է 13 գործարար եւ սկսնակ ծրագրավորող:

«Ավելին էի սպասում, սակայն գյուղում մարդիկ չեն հավատում, որ ՏՏ-ով կարելի է աշխատանք գտնել: Նրանց համար մի փոքր բարդ է հավատալ, որ կարող են մի քանի տարվա ընթացքում ամսական միջինից կրկնակի ավելի աշխատավարձ ստանալ: Կարծում եմ, եթե նմանատիպ միջոցառումներ էլի կազմակերպենք, այդ ընկալումը կվերանա»,- նշել է Տիգրան Ազատյանը:

Միջոցառման ընթացքում արծարծված թեմաներից են՝ կրթություն, ավտոմատացված պրոցեսներ, լոկալ բիզնեսի հնարավորություններ, ստարտափներ, օնլայն մարքեթինգ եւ այլն:

Տիգրան Ազատյանը նշել է, որ միջոցառումը լինելու է շարունակական եւ ընդգրկելու է սահմանամերձ այլ համայնքներ եւս: