13:27 | 12.10.16 | Նորություններ | 12195
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ջանքերով Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում այս տարի տեղակայվել է 53 լուսատու՝ արտաքին լուսավորության լուսադիոդային (LED) համակարգով:
Ծրագրի արդյունքում լուսավորվել են համայնքի հիմնական երկու փողոցները՝ մոտ 1,650մ ընդhանուր երկարությամբ:
Լուսատուները համայնքի փողոցները կլուսավորեն ամռանը 20:00-ից մինչեւ 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչեւ 23:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր:
«Վերջին տասնամյակների՝ տեխնոլոգիական սրընթաց զարգացումը միտված է մարդկանց կենսամակարդակի բարձրացմանը եւ ճանաչողության նոր հնարավորությունների ստեղծմանը: Այնուամենայնիվ, այդ առաջընթացն իր հետ բերում է նաեւ բացասական հետեւանքներ. չարաշահվում են Երկիր մոլորակի բնական ռեսուրսները, աղտոտվում է շրջակա միջավայրը, անդառնալի կորուստներ է կրում բնությունը: Այս երեւույթները մեղմելու միջոցներ ստեղծելը եւ կիրառելը օրհասական խնդիր է դարձել մարդկության համար: Այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործումը լուծումներից մեկն է, եւ ուրախ եմ, որ այդ գաղափարը լայն տարածում է գտնում եւ իրականացվում է Հայաստանում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: