17:24 | 11.10.16 | Նորություններ | 3546

ԿԳՆ-ն եւ ՏՀՏ գործատուների միությունը կհամագործակցեն

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն ու ՏՀՏ գործատուների միությունն այսօր կնքել են փոխըմբռնման հուշագիր։

ՏՀՏ գործատուների միությունում նշել են, որ հուշագրի հիմնական նպատակն է մասնավոր-պետություն համագործակցությամբ խթանել ՏՀՏ գործիքների լայնածավալ կիրառումը կրթության գործընթացի մեջ, նպաստել մասնագիտական կրթության բարելավմանը, համապատասխանեցնելով այն գործատուների պահանջներին եւ միջազգային չափանիշներին։

Հուշագրի շրջանակում ՀՀ ԿԳ նախարարությունը ՏՀՏ գործատուների միության հետ համատեղ առաջին անգամ Հայաստանում կկազմակերպեն ՏՀՏ-կրթություն կոնֆերանսը, որտեղ մեկ հարթակում կքննարկվեն կրթություն-արդյունաբերություն արդյունավետ փոխգործության հնարավորությունները եւ առկա խնդիրները։

«Մենք հույս ունենք, որ այս համագործակցությունը, որը հեռու է պոպուլիզմից, հեռու է կարճ էֆեկտներից, միտված է իսկապես Հայաստանում ամուր կրթական բազայի ձեւավորմանը: Վստահ ենք, որ այս համագործակցությունը կշարունակվի եւ նույնիսկ այս հուշագրին լրացնող շատ աշխատանքային ծրագրեր կմշակվեն»,- ասել է ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

«Հայաստանը, լինելով եւ կերտելով գիտելիքահենք տնտեսություն, չի կարող շրջանցել կրթական բարեփոխումների ծրագրերը: Մենք կողմ ենք ֆունդամենտալ, բարձրակարգ կրթությանը, եւ մեր բոլոր քայլերը ուղղած են լինելու դրան: Վստահ եմ, որ այդ քայլերը ժամանակի ընթացքում կբերեն շատ մեծ փոփոխությունների նաեւ տեխնոլոգիական կրթության ոլորտում, քանի որ գործատուների համար ամենակարեւորը գիտակ, պրոֆեսիոնալ կադրերն են»,- նշել է ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը։