17:52 | 30.09.16 | Նորություններ | 5319

Հոկտեմբերի 3-5-ը կկայանան DigiWeek միջոցառումները

Հոկտեմբերի 3-5-ը «DigiWeek թվային տեխնոլոգիաների շաբաթ» խորագրի ներքո կկայանան ENOG 12 եւ ArmIGF 2016 միջոցառումները:

Եվրասիական ցանցային օպերատորների խմբի ֆորում ENOG 12-ը (3-4 հոկտեմբեր, Արմենիա Մարիոթ հյուրանոց) նախատեսված է ինչպես ինտերնետի ոլորտում գործող փորձագետների, այնպես էլ բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են ինտերնետի աշխատանքի կարգավորման, զարգացման եւ կառավարման ոլորտներում:

Բացման արարողությանը ելույթներով հանդես կգան ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, RIPE NCC գործադիր տնօրեն Աքսել Պավլիկը, Արմիքս հիմնադրամի տնօրեն Վահան Հովսեփյանը։

Ֆորումի շրջանակում մոտ 300 մասնակից մեկ տասնյակ երկրներից (Ռուսաստան, Վրաստան, Ուկրաինա, Իրան, Նիդեռլանդներ, Ղազախստան, ԱՄՆ, Չեխիա, Բուլղարիա, Հունգարիա, Հնդկաստան եւ այլն) հնարավորություն կստանան կիսվել տարածաշրջանին վերաբերող իրենց փորձով եւ գիտելիքներով:
 
Միջոցառումը կազմակերպվում է RIPE NCC միջազգային կազմակերպության կողմից: Ընդունող կողմը ԱՐՄԻՔՍ հիմնադրամն է:

Հոկտեմբերի 5-ին էլ կանցկացվի ArmIGF 2016 ինտերնետ կառավարման ֆորումը Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում: Նպատակն է վեր հանել եւ քննարկել ինտերնետ կառավարման, ենթակառուցվածքների զարգացման, եւ բովանդակության հետ կապված խնդիրները:

Միջոցառման կազմակերպիչներ են Ինտերնետ Կառավարման հանձնաժողովը, Ինտերնետ Հանրությունը՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աջակցությամբ: