16:06 | 30.09.16 | Նորություններ | 16624

«Ռոստելեկոմ»-ը, «Մայքրոսոֆթ»-ը եւ «Մոնտ»-ը կհամագործակցեն

Հայաստանյան «Ռոստելեկոմը», «Մայքրոսոֆթ» կորպորացիայի Հայաստանի ներկայացուցչությունը եւ «Մոնտ» ընկերությունն այսօր պաշտոնապես հայտարարել են ամպային լուծումների ոլորտում համագործակցության մեկնարկի մասին։

Համագործակցության արդյունքում «Ռոստելեկոմ»-ի կորպորատիվ հաճախորդներին հնարավորություն կընձեռվի ամսական բաժանորդագրության տարբերակով ձեռք բերել եւ օգտվել Մայքրոսոֆթ Օֆիս 365 արտոնագրային փաթեթից:

««Ռոստելեկոմը» հայաստանյան կորպորատիվ շուկայում երկար տարիներ կայուն եւ առաջատար դիրք է գրավում՝ շնորհիվ ընկերություններին մատուցվող բարձրակարգ ծառայությունների եւ սպասարկման ժամանակակից եւ անհատական համակարգի։ Մենք մշտապես արդիականացնում ենք մեր կողմից բիզնեսին մատուցվող ծառայությունների փաթեթները՝ ավանդական հեռահաղորդակցության ծառայությունները հավելելով բիզնեսի համար շատ կարեւոր եւ անհրաժեշտ նորարական լուծումներով, որոնցից մեկն է՝ ամպային ծրագրային լուծումը: Ծրագրային լուծումների համաշխարհային առաջատար «Մայքրոսոֆթ» ընկերության հետ համագործակցության մեկնարկով հնարավորություն կընձեռվի մեր հաճախորդներին  մեկ աղբյուրից լայնաշերտ Ինտերնետի, Հեռախոսակապի, ԱյՓի հեռուստատեսության, եւ այլ ծառայությունների հետ մեկտեղ գնել «Մայքրոսոֆթի» ծրագրային լուծումները, այսինքն՝ այն ծառայությունների ամբողջական փաթեթը, որն անհրաժեշտ է բիզնեսին, ընդ որում ծրագրերի օգտագործման արտոնագրերի նախընտրելի ժամկետները կարող են որոշվել հաճախորդի կողմից»,- ասել է հայաստանյան «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Այս համատեղ ծառայության մուտքը շուկա մեծապես կնպաստի ընկերությունների կողմից արտոնագրված ծրագրային փաթեթների կիրառմանը Հայաստանում, ինչը մեր օրերում արդյունավետ ու անխափան աշխատանքի երաշխիք է հանդիսանում»,- ասել է «Մայքրոսոֆթ» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանը։

«Մոնտ» ընկերությունը հանդիսանում է ամպային լուծումների մատակարարը: