11:10 | 22.09.16 | Նորություններ | 66575

Գործարկվել է HIKEArmenia արշավային հավելվածը

Գործարկվել է HIKEArmenia անվճար հավելվածը, որը կօգնի գտնել Հայաստանում նոր արշավային ուղիներ, կկապի ձեզ տեղացի արշավ-էքսկուրսավար մասնագետների հետ եւ հնարավորություն կտա պարզել, թե որտեղ կարելի է գիշերել կամ կանգ առնել:

Հավելվածը հասանելի է App Store-ում եւ Google Play-ում:

HIKEArmenia-ն մշակվել է ONEArmenia շահույթ չհետապնդող կազմակերպության կողմից իրականացված քրաուդֆանդինգ-արշավի միջոցով` նախորդ տարվա նոյեմբերին: Ավելի քան 200 մարդ է ներգրավված եղել հավելվածը կյանքի կոչելու գործում:

Նախագծի համակարգող Շարլոտ Պուլենի խոսքով՝ հավելվածի հիմնական նպատակն է զարգացնել զբոսաշրջությունը Հայաստանի մարզերում, իսկ արշավային ուղիները մատչելի դարձնել բոլորին` անկախ նրանից՝ արշավականը փորձառու է, թե սկսնակ, ապրում է Հայաստանում, թե պարզապես ճամփորդում է:
 
«Հավելվածն ինքնին բավականին պարզ է` գլխավոր էջը օգտատերին ներկայացնում է արշավային ուղիների ցուցակ` դասակարգված ըստ երկարության եւ բարդության:  Յուրաքանչյուր արշավային ուղի ներկայացնող էջը ներառում է այդ արշավային ուղու  նկարագրությունը, արշավ-էքսկուրսավար մասնագետների կոնտակտային տվյալները եւ մոտակայքում օթեւանելու հնարավոր տարբերակները: Ամենաուշագրավն այն է, որ հավելվածը հնարավորություն է տալիս ստանալ յուրաքանչյուր արշավային ուղու GPS  տվյալները՝ թույլ տալով օգտատերին հեշտությամբ հետեւել դրանց»,- նշել է Շարլոտ Պուլենը:

Ներկայում հավելվածը ներառում է հինգ արշավային ուղի, որոնք առաջիկայում կհամալրվեն:

HIKEArmenia-ն հասանելի կլինի անգլերեն, հայերեն, ռուսերեն եւ ֆրանսերեն տարբերակներով: