16:53 | 20.09.16 | Նորություններ | 9591

Microsoft-ը կանխատեսում է նոր կիբեր սպառնալիքներ Հայաստանում

Microsoft ընկերությունն արձանագրում է Հայաստանում նոր բիզնես-շրջանի սկզբում կիբեր սպառնալիքների քանակի աճ` պայմանավորված  ընկերությունների կորպորատիվ համակարգիչներին, կայքերին եւ ՏՏ ցանցերին ուղղված հարձակումների կտրուկ աճով:

Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ չնայած կիբեր հարձակումների բարձր ռիսկին` Հայաստանի օգտատերերը շարունակում են տեղադրել եւ ակտիվ կերպով օգտագործել հենային ծրագրային ապահովումը:

«BSA ասոցիացիայի «2016 Global Software Survey» լայնամասշտաբ հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ 2015թ.-ին Հայաստանի օգտատերերի համակարգիչներում տեղադրված ծրագրային ապահովման 86%-ը եղել է ոչ արտոնագրված: Ի համեմատ նախորդ տարվա, հենության մակարդակը մնացել է անփոփոխ, այն դեպքում, երբ 2015թ.-ին ամբողջ աշխարհում համակարգիչներում տեղադրված ծրագրային ապահովման ընդհամենը 39%-ն է եղել ոչ արտոնագրված»,- նշվում է ընկերության տարածած հաղորդագրությունում:   

Հենությանը հակազդելու համար Microsoft-ը ձեռնարկություններին առաջարկում է
նվազեցնել ոչ վստահելի աղբյուրներից ձեռք բերվող անօրինական ծրագրային ապահովման կիրառման հետ կապված կիբերհանցագործությունների ռիսկը այն ծրագրերի տեղադրմամբ (Software Assurance Management, SAM), որոնք այսօր արդեն հասանելի են Հայաստանում:  
 
«Անհրաժեշտ է հասկանալ, որ կիբերհանցագործություններն անխզելիորեն կապված են անօրինական ծրագրային ապահովման օգտագործման հետ: Նոր շրջանի սկզբում ստեղծվում են նոր հակերային ծրագրեր, ինչը հանգեցնում է օրական հազարավոր կիբեր հարձակումների, օրինակ` ԱՊՀ տարածքում ամենատարածված հենային Windows Zver-ն իր մեջ պարունակում է հակերների կողմից կառուցված 63 տարբեր «վնասատուներ» (ZDNed-ի հետազոտություն), իսկ «անվճար Windows» ներբեռնելիս լրտեսող ծրագրի ներբեռնման հավանականությունը կազմում է 92% (Group-IB-ի հետազոտություն): Արտոնագրված ծրագրային ապահովումը Ձեզ կօգնի զերծ մնալ կիբեր սպառնալիքներից եւ նվազեցնել անձնական տվյալների գողության ռիսկերը»,- նշել է ծրագրային ակտիվների կառավարման եւ ԱՊՀ երկրներում լիցենզավորման պայմանների համապատասխանության ստուգման տնօրեն Դմիտրի Բերեսնեւը:

Համաձայն վիճակագրության` ԱՊՀ երկրների մանր եւ միջին բիզնես վարող ձեռնարկությունների ավելի քան 90%-ը առնվազն մեկ անգամ բախվել է կիբեր սպառնալիքի խնդրի հետ, իսկ օգտատերերի 80%-ը կրել է վնասներ:

- Անցյալ տարվա ընթացքում ամբողջ աշխարհում օրական գրանցվել է 1 միլիոն նոր կիբեր սպառնալիք:
- Թիրախավորված կիբեր հարձակումներից 65%-ը վնաս են հասցրել մանր եւ միջին բիզնեսներին:
- 2015թ. ընթացքում բիզնեսին կիբեր հարձակումներով պատճառված վնասի ընդհանուր չափը կազմում է 400 միլիարդ դոլար:

Կիբեր սպառնալիքներն իրենց հետեւանքներն են թողնում բիզնեսի վրա: «Կասպերսկու լաբորատորիայի» մասնագետներն ասում են, որ այսօր առավել հաճախ են դարձել թիրախավորված  հարձակումները, որոնք ամենամեծ վտանգն են ներկայացնում: Դրանց նպատակը ընկերության ամենաարժեքավոր եւ գաղտնի տվյալնների ստացումն է: Թիրախային հարձակումների ենթարկված ընկերությունների գրեթե 35%-ն աշխատում է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, հեռահաղորդակցությունը, պաշտպանական համալիրը, շինարարությունը, փոխադրումը եւ արդյունաբերությունը: