13:10 | 14.09.16 | Նորություններ | 13444

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է «Օպերային արվեստը Հայաստանի մարզերում» ծրագրին

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամի համագործակցությունը շարունակվում է:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ 2014-ից առ այսօր մայրաքաղաքում եւ Հայաստանի մարզերում հիմնադրամն իրականացրել է ավելի քան 70 միջոցառում: Մինչեւ տարեվերջ կկազմակերպվի եւս 23 միջոցառում:  

Միջոցառումների մուտքը եղել է ազատ:

Նախագծի շրջանակում, Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների եւ մեներգիչների մասնակցությամբ հերթական համերգներ են կայացել Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում եւ Արագածոտնի մարզի Ուշի գյուղում:

«Կան իրադարձություններ, որոնք առաջին հայացքից կարող են սովորական գնահատվել, սակայն դրանց իրական ազդեցությունը դրսեւորվում է հետագա կյանքում: Այս ծրագրով մենք ձգտում ենք լուծել կարեւոր խնդիր. Օպերային երաժշտարվեստը հասանելի դարձնել մարզերում բնակվող մեր հայրենակիցներին եւ երեխաներին սովորեցնել գեղեցիկ մտածել: Ուզում եմ հավատալ, որ այն միջոցառումները, որոնք իրականացվել են 2014-ից, որպես հետագիծ՝ իրենց դրական ազդեցությունը կթողնեն մատաղ սերնդի գիտակցության մեջ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: