15:42 | 13.09.16 | Նորություններ | 70219

Մեկնարկել է Armenia StartUp Cup ամենամյա մրցույթը

Սեպտեմբերի 10-ին Երեւանում մեկնարկել է ամենամյա Armenia StartUp Cup ազգային առաջնության առաջին փուլը՝ «Ինչպես կառուցել կենսունակ բիզնես մոդել» խորագիրը կրող երկօրյա սեմինարով:

Դրա շրջանակում 40 խորհրդատուներ ու մենթորներ Հայաստանից բիզնես ոլորտում ունեցած իրենց փորձն ու գիտելիքը փոխանցել են Երեւանից նախապես ընտրված 100 ստարտափի:

4-րդ անգամ անցկացվող մրցույթի նպատակն է խթանել ձեռներեցների ակտիվությունը բիզնես խորհրդատվության միջոցով, նոր աշխատատեղեր ստեղծել ստարտափների միջոցով, ինչպես նաեւ իրազեկել Հայաստանում սկսնակ ձեռնարկություն ստեղծելու համար առկա ռեսուրսների մասին:

Հաղթողի կոչման համար այս տարի մրցում էր 156 ստարտափ Հայաստանի 12 քաղաքներից՝ Երեւանից, Գյումրիից, Վանաձորից, Դիլիջանից, Իջեւանից, Նոյեմբերյանից, Արմավիրից, Արարատից, Սպիտակից, Թալինից, Վարդենիսից, նաեւ Ստեփանակերտից:

Առաջնության շրջանակում մրցող ձեռներեցները փորձառու ընտրող հանձնաժողովին ներկայացրել են նորարարական բիզնես գաղափարներ՝ ուղղված ամպային տեխնոլոգիաների, մաքուր էներգիայի, էլեկտրոնային առեւտրի, կրթության, առողջապահության, զբոսաշրջության, տրանսպորտի, գյուղատնտեսության եւ այլ ոլորտների զարգացմանը:

Երկօրյա միջոցառման ավարտին հայտարարվել են լավագույն 25 նախագծերը: Հաշվի առնելով առաջարկված նախագծերի հետաքրքրությունն ու արդյունավետությունը՝ 15 նախագիծ եւս հնարավորություն է ստացել պայքարելու հաջորդ փուլում: Այսպիսով, Երեւանից Extreme Build-A-Business միջոցառման հաղթող ճանաչվածների ընդհանուր քանակը 40 է:

Մրցույթի մարզային փուլը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին Դիլիջանում, իսկ եզրափակիչ փուլը՝ նոյեմբերի 15-ին Երեւանում: Հաղթող մասնակիցը որպես մրցանակ կստանա մինչեւ 1 500 000 ՀՀ դրամ, որը կարող է ներառել բիզնեսի զարգացման համար նախատեսված աուդիտորական, հաշվապահական, ֆինանսական, մարքեթինգային եւ մենեջմենթի խորհրդատվություն եւ ծառայություններ:

Հաղթողը նաեւ հնարավորություն կստանա Հայաստանը ներկայացնելու World StartUp Cup 2017-ում` մրցելով ավելի քան 72 այլ պետությունների առաջին մրցանակակիրների հետ:

Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները որպես պարգեւ կստանան 1 000 000 եւ 500 000 դրամ ու եւս հնարավորություն կունենան ներկա գտնվելու World StartUp Cup 2017-ին եւ իրենց բիզնեսը ներկայացնելու վենչուրային ընկերություններին եւ հրեշտակ ներդրողներին:

Միջոցառման կազմակերպիչն է Այ Էյ Բի Բիզնեսի Միջազգային Ակադեմիան, որի առաքելությունն է ապահովել մարդկային ռեսուրսների զարգացումն ու աճը Հայաստանում եւ տարածաշրջանում` առաջարկելով մասնագիտական վերապատրաստման եւ խորհրդատվական ծառայություններ:

«Armenia StartUp Cup ազգային առաջնության առաջնային նպատակն է մեր երկրում ավելի զարգացած բիզնես համայնքի ձեւավորումը որակյալ վերապատրաստման միջոցով: Բաց լինելով ցանկացած բիզնես գաղափարի համար՝ այս կարեւորագույն նախաձեռնությունը  օգնում է բացահայտել եւ խթանել առկա ձեռներեցության ներուժը եւ դիրքավորել Հայաստանը  միջազգային ասպարեզում: Առաջնությունը տարեցտարի ընդլայնում է իր աշխարհագրությունը, ինչն, անշուշտ, ողջունելի է: Մեզ համար մեծ պատիվ է լինել նման կարեւոր միջոցառման կազմակերպիչը»,- նշել է միջոցառման կազմակերպիչ, Այ Էյ Բի Բիզնեսի Միջազգային Ակադեմիայի տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանը: