Յոհան Վանդերպլաետսեն (ձախից)
17:00 | 19.08.16 | Նորություններ | 2064
Այս օրերին Երեւանում գտնվող էներգետիկայի ոլորտում մասնագիտացած ֆրանսիական «Շնայդեր էլեկտրիկ» ընկերության Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների գծով նախագահ Յոհան Վանդերպլաետսեն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ ստեղծում են աշխատանքային խումբ՝ ընկերության տեխնոլոգիաները Հայաստանում լոկալացնելու համար:
«Էներգետիկայի նախարարության հետ համատեղ ստեղծված աշխատանքային խումբն ամենայն մանրամասներով կքննարկի կանոնակարգերը, տարիֆները, պահանջարկը, որին կհաջորդի համատեղ աշխատանքային քարտեզի պատրաստումը՝ մեր ընկերության տեխնոլոգիաները Հայաստանում լոկալացնելու համար»,- նշել է Յոհան Վանդերպլաետսեն:
Նա ընդգծել է Հայաստանի՝ արեւային երկիր լինելու հանգամանքը, նշելով, որ դրա շնորհիվ իրենց մշակած տեխնոլոգիաներն առավելագույն օգտակարություն կունենան երկրի համար:
«Իմ հայաստանյան հանդիպումների ընթացքում հանդիպել եմ մեր հաճախորդների, գործընկերների հետ: Կառուցողական հանդիպումներ են եղել նաեւ պետական մակարդակով: Մասնավորապես, հանդիպել եմ վարչապետի, էներգետիկայի նախարարի հետ: Առանձին հանդիպում է կայացել նաեւ ՀՊՃՀ ռեկտորի հետ, քանի որ կարծում ենք, որ բուհերը եւս պետք է կարեւոր դեր խաղան նոր տեխնոլոգիաների մշակման եւ կադրերի պատրաստման հարցում:
Կառավարությունը եւս հասկանում է, որ սա ունիկալ հնարավորություն է Հայաստանի համար: Հաշվի առնելով Հայաստանի հարաբերությունները Իրանի հետ, նկատի կունենանք նաեւ դեպի այդ երկիր Հայաստանի միջոցով մուտք գործելու հնարավորությունները»,- տեղեկացրել է Յոհան Վանդերպլաետսեն:
Նա խոսել է նաեւ Հայաստանի առավելությունների մասին.
«Որքան էլ տարօրինակ հնչի, մեծ առավելություն է, որ ձեր երկիրը չունի նաֆթ կամ գազ: Այդպիսով դուք կարողանում եք կենտրոնանալ այլ ուղղությունների վրա: Դուք ունեք ինժեներական մեծ պոտենցիալ, տեղյակ եմ նաեւ ՏՏ ոլորտի բումի մասին»,- ընդգծել է Յոհան Վանդերպլաետսեն:
Էներգիայի կառավարմամբ եւ արտադրության ավտոմատացմամբ զբաղվող «Շնայդեր էլեկտրիկ» ընկերությունն էներգետիկայի եւ ենթակառուցվածքների համար համապարփակ էներգոարդյունավետ լուծումների առաջատար մշակող եւ մատակարար է: 2015թ. ընկերության համաշխարհային շրջանառությունը կազմել է 26.6 մլրդ եվրո: Ընկերությունն ունի 160 հազ. աշխատող ավելի քան 100 երկրում, շուրջ 200 գործարան: