12:43 | 25.07.16 | Նորություններ | 5124
ՏՀՏ գործատուների միության անդամ կազմակերպությունների կողմից անցած տարի գործարկված պիլոտային ծրագիրն այս տարի ընդլայնվում է։
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը ստորագրել է փոխըմբռնման հուշագիր ՏՀՏ գործատուների միության, ՎիվաՍել-ՄՏՍ, Սինոփսիս Արմենիա եւ Յունիքոմփ ընկերությունների հետ:
Հուշագրի նպատակն է բարձրացնել ՏՀՏ ոլորտում մասնագիտական կրթության որակը, ինչպես նաեւ ներմուծել ընկերությունների՝ տեսական ու գործնական նորարարական գիտելիքների վրա հիմնված մեթոդաբանությունը:
Փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն ապահովելու է «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտական առարկաների ներդրումը, ինչպես նաեւ՝ մշակելու եւ հաստատելու է նշված մասնագիտական առարկաների առարկայական չափորոշիչները եւ ծրագրերը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը մասնակցելու է «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկայի չափորոշիչների եւ ծրագրի մշակման գործընթացին, ինչպես նաեւ իրականացնելու է տվյալ առարկայի ուսուցիչների վերապատրաստումը:
Փոխըմբռնման հուշագրով այս տարի նախատեսված է կրթական ծրագրի իրականացումը եւս 5 ուսումնական հաստատություններում: