10:13 | 12.07.16 | Նորություններ | 1585
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) նախաձեռնել է «ՀՀ զինված ուժերից զորացրվող զինծառայողների ՏՏ ոլորտում կրթության եւ զբաղվածության ապահովում» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է ինժեներական հիմնարար գիտելիքներ եւ հմտություններ փոխանցել ապրիլյան մարտական գործողությունների մասնակից, զորացրված կամ առաջիկայում զորացրվող ժամկետային զինծառայողներին, վիրավոր զինածառայողներին, նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին:
Ներկայում ԻՏՁՄ-ն ՀՀ (ներառյալ՝ ԼՂՀ) դպրոցներում ու ուսումնական կենտրոններում հիմնել է շուրջ 130 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ, որտեղ էլ նախատեսվում է իրականացնել ծրագիրը:
Այն իրականացվելու է դասընթացների միջոցով: Տեւողությունը վեց ամիս է: Յուրաքանչյուր ուսումնական խմբում կարող է ընդգրկվել առավելագույնը 15 անձ:
Դասընթացը հնարավորություն կտա խմբում ընդգրկված անձանց տիրապետելու ծրագրավորման հիմնական սկզբունքներին՝ սկսած նախնական համակարգչային ծրագրավորման լեզվից (Scratch) մինչեւ բարձր մակարդակի ծրագրավորման լեզու (JavaScript), ինչպես նաեւ սովորել ռոբոտաշինության սկզբուքները:
Նախատեսվում է, որ ծրագիրը կմեկնարկի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Երեւանում առաջին դասընթացը կանցկացվի հուլիսի 15-ին:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է.
-Անձը հաստատող փաստաթղթով եւ զինվորական գրքույկով ներկայանալ տարածքային զինվորական կոմիսարիատ եւ հաշվառվել:
- Հաշվառվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության զբաղվածության տարածքային կենտրոնում՝ գործազուրկի կամ աշխատանք փնտրողի կարգավիճակ ստանալու համար: Հաշվառվելիս անձը պետք է ցանկություն հայտնի ծրագրավորողի մասնագիտություն ձեռք բերելու համար:
- Կապ հաստատել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) սույն ծրագիրը համակարգողի հետ՝ զանգահարելով +374-11-54-88-81 (ներքին՝ 12) հեռախոսահամարով: