10:57 | 07.07.16 | Նորություններ | 3597

ՀԽ-ում քննարկվել է «Յանդեքս.Տաքսի»-ի կողմից հնարավոր դեմպինգի հարցը

Հանրային խորհրդում հուլիսի 6-ին քննարկվել է տաքսի ծառայության ոլորտում հավասար մրցակցային պայմանների ապահովման հարցը:

ՀԽ տարածած հաղորդագրության համաձայն՝ մասնավորապես քննարկվել է ռուսական «Յանդեքս» ընկերության կողմից իրականացվող հնարավոր դեմպինգային քաղաքականությունը:

Քննարկման մասնակիցները նշել են, որ ընկերության կողմից 2 կմ-ի համար սահմանված 100 դրամ գինը խիստ կասկածելի է, եւ դրանում առկա է դեմպինգ իրականացնելու քաղաքականություն: Տաքսի ծառայության ներկայացուցիչները ներկայացրել են փաստեր, որոնք հաստատում են, որ նշված գինը ինքնարժեքից ցածր է` հավելելով, որ ռուսական ընկերությունը «400 դրամ» տարբերությունը վարորդներին վճարում է իր ֆինանսական ռեսուրսների հաշվին:

Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյան էլ կարծիք է հայտնել, որ կա դեմպինգի հավանականություն՝ ելնելով օրենսդրությունից բխող որոշ դրույթներից:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Արամ Սահակյանից հետաքրքրվել է, թե արդյոք հանձնաժողովը քննարկել է հնարավոր դեմպինգի հարցը:

«Քանի դեռ ընկերությունը շուկայի մեկ երրորդից ավելին չի գրավել, ապա դա դեմպինգ համարվել չի կարող: Ընկերության կողմից սահմանված ցածր գինը մարքեթինգային քայլ է, եւ որ պետք է նոր ընկերությանը շուկա մուտք գործելու հնարավորություն տալ»,- ասել է ՏՄՊՊՀ ներկայացուցիչը:

Վազգեն Մանուկյանը հակադարձել է` նշելով, որ հանձնաժողովը պետք է պաշտպանի իր պետության շահերը` թույլ չտալով, որ օտարերկրյա խոշոր ընկերությունները, օգտագործելով իրենց ֆինանսական հզոր ռեսուրսները, շուկայից դուրս մղեն տեղական ընկերություններին: Նա անհրաժեշտ է համարել ուսումնասիրել «Յանդեքս»-ի կողմից սահմանված գինն ու համապատասխան քայլեր ձեռնարկել դեմպինգային քաղաքականությունը կանխելու ուղղությամբ:

ՀԽ-ում նշել են, որ քննարկմանը «Յանդեքս»-ի ներկայացուցիչը ներկա չի եղել, քանի որ հնարավոր չի եղել կապ հաստատել ընկերության ղեկավարության հետ:

Քննարկմանը ներկա տաքսի ընկերությունների ղեկավարները խնդրահարույց են համարել նաեւ «gg» ընկերության գործունեությունը` նշելով, որ ընկերությունն իրականացնում է նույն դիսպետչերական ծառայությունը, սակայն գործում է իբրեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտով զբաղվող ընկերություն եւ չի կատարում ծառայության կազմակերպման համար սահմանված կարգով պետական վճարումները:

«gg» ընկերության ղեկավարը պարզաբանել է իրենց գործունեության յուրահատկությունը` նշելով, որ իրենց քաղաքականությունը միտված է ոլորտը զարգացնելուն` առանց վնասելու մյուս ընկերությունների շահերը:

ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարարը եւս ընդունել է, որ դաշտում անհավասար մրցակցային պայմանների խնդիր կա, որը նախեւառաջ դրսեւորվում է 10 հազ. լիցենզավորված եւ 20-30 հազ. չլիցենզավորված տաքսիների առկայությամբ:

ՀԽ-ում քննարկված հարցերը կամփոփվեն համապատասխան փաստաթղթում եւ կներկայացվեն ՀՀ վարչապետին: