09:22 | 06.07.16 | Նորություններ | 1490

ՀՀ-ն բարելավել է դիրքը ցանցային պատրաստվածության վարկանիշում

Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային զեկույց 2016»-ի համաձայն՝ Հայաստանը ցանցային պատրաստվածության ցուցիչով զբաղեցրել է 56-րդ տեղը 139 երկրների շարքում՝ անցած տարվա համեմատ դիրքը բարելավելով 2 հորիզոնականով:

Համաշխարհային մրցունակության կենտրոնի հայաստանյան գործընկեր «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի գնահատականները զգալիորեն բարձր են ցածրից միջին եկամուտներ ունեցող երկրների արդյունքների համեմատ։ Ուշագրավ առավելություններից է հեռախոսային կապի եւ համացանցի ոլորտում մրցակցության եւ բջջային կապի ծածկույթի բարձր մակարդակը:

Հայաստանի հիմնական ուժեղ կողմերից են շարունակում մնալ ձեռնարկությունների գրանցման հետ կապված հիմնական գործընթացների դյուրինությունը, ինչպես նաեւ բարձր գրագիտությունը եւ հարկերի ընդհանուր ցածր դրույքը: Ամենախնդրահարույց ոլորտներից են պայմանագրերի կիրարկումը, աշխատակազմի վերապատրաստման մակարդակը եւ կառավարման դպրոցների ցածր որակը։

Առաջատար տեխնոլոգիաների պետական գնումների եւ բիզնեսի կողմից դրանց յուրացումը շարունակում են տեղ գրավել Հայաստանի ուշագրավ թերությունների շարքում: Հայաստանի դիրքը գրեթե չի փոփոխվել ըստ բաղադրիչների՝ բացառությամբ պատրաստվածության բաղադրիչի 1 տեղով բարելավման։ Հայաստանը հիմնականում բարելավել է դիրքը մատչելիության հենասյունով՝ լայնաշերտ ինտերնետի եւ բջջային կապի կանխավճարային սակագների նվազման արդյունքում:

139 երկրների ՏՏ մրցունակությունը գնահատող զեկույցի հիմքում ընկած է ցանցային պատրաստվածության համաթիվը, որը ցույց է տալիս երկրների տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացումներին մասնակցելու եւ դրանցից օգտվելու պատրաստվածության աստիճանը, ինչն էլ նպաստում է մրցունակության բարձրացմանը:

Զեկույցի համաձայն՝ Սինգապուրը, Ֆինլանդիան եւ Շվեդիան շարունակում են առաջատար դիրքեր զբաղեցնել ցանցային պատրաստվածության վարկանիշով: Լավագույն հնգյակը եզրափակում են Նորվեգիան եւ ԱՄՆ-ն:

ԱՊՀ երկրները, Ուկրաինան եւ Վրաստանը դրական տեղաշարժ են արձանագրել՝ բացառությամբ Ռուսաստանի, որի դիրքը նույնն է մնացել: Առավել էական բարելավում է արձանագրվել Ուկրաինայում (+7): Ադրբեջանը բարելավել է իր դիրքը 4 հորիզոնականով՝ զբաղեցնելով 53-րդ տեղը, իսկ Վրաստանը՝ 2 կետով՝ 58-րդ տեղ: