11:39 | 04.07.16 | Նորություններ | 8513

Ucom-ի աջակցությամբ 9 «Արմաթ» լաբորատորիա է բացվել Վայոց Ձորում եւ Արարատում

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնության եւ Ucom աջակցության շնորհիվ «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներ են բացվել նաեւ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերում:

«Արմաթ» խմբակ-լաբորատորիաներ են արդեն գործում Երասխի, Ելփինի, Արենիի, Գետափի, Շատինի միջնակարգ դպրոցներում, Վայքի ավագ դպրոցում, Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոցում եւ Եղեգնաձորի թիվ 1 ու թիվ 2 հիմնական դպրոցներում: 

ԻՏՁՄ-ի եւ Ucom ընկերության միջեւ ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ Ucom ընկերությունը ներդրումներ է կատարում, որպեսզի Հայաստանի 9 մարզերում բացվեն «Արմաթ» անվանումը կրող շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։

«Ամենակարեւոր գործոնը, որն ուզում եմ ընդգծել, մեր լաբորատորիաների աշխարհագրության ընդլայնումն է: Եթե յուրաքանչյուր գյուղի, իսկ մասնավորապես՝ սահմանամերձ բնակավայրի բնակիչ գիտակցի, որ իր ապագան հենց իր ձեռքերում է, մեր հնարավորություններն այսօրվա կիզիչ արեւի չափ հզոր են լինելու, իսկ ապագան՝ բաց ու լուսավոր»,- ասել է Ucom ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Եսայանը։