06:24 | 24.06.16 | Նորություններ | exclusive 4668

Pixomatic-ի օգտատերերի թիվը հասել է 130 հազ-ի

Հայկական Pixomatic սմարթ ֆոտոխմբագրիչ-հավելվածի օգտատերերի թիվը գործարկումից հետո 3.5 ամսում հասել է 130 հազ-ի:

Այս մասին Itel.am-ին տեղեկացրել է Pixomatic-ը մշակող Qube ընկերության մարքեթինգի պատասխանատու Գարիկ Ավետիսյանը:

«Գործարկումից ընդամենը 2 ամիս անց թողարկվեց Pixomatic 2.0-ը, որի դիզայնն ամբողջովին վերափոխված է: Այսօր՝ գործարկումից 3.5 ամիս անց, մենք արդեն ունենք 130 հազ. օգտատեր, եւ սա, չնայած այն հանգամանքին, որ հավելվածը գտնվում է թոփ գնային սեգմենտում: Մինչ օրս Pixomatic-ը թոփ վճարովի հավելված է հռչակվել 82 երկրում, 113 երկրում էլ դարձել է թոփ վճարովի ֆոտո/վիդեո հավելված»,- տեղեկացրել է Գարիկ Ավետիսյանը:

13 լեզուներով (այդ թվում՝ հայերենով) հավելվածը հասանելի է AppStore-ում եւ արժե $3.99:

Հավելվածի թիմն արդեն աշխատում է Android տարբերակի մշակման ուղղությամբ, որը պատրաստ կլինի աշնանը:

Pixomatic (Pixel automation) սմարթ ֆոտոխմբագրիչը մշակվել է Qube ընկերության թիմի կողմից՝ 5 ամսում: Պատկերների մշակման սեփական համակարգի միջոցով հավելվածը հնարավորություն է տալիս հեշտորեն խմբագրել նկարները` դրանց հաղորդելով կրեատիվ տեսք:  Հնարավոր է հեռացնել եւ փոխել նկարի ֆոնը, կարգավորել գույները եւ իրականացնել սելեկտիվ ուղղումներ:

Նարինե Դանեղյան