11:29 | 22.06.16 | Նորություններ | exclusive 2245

ՏՏ համայնքը գնահատում է IT Outsourcing & Investment համաժողովը

Այսօր Երեւանում մեկնարկել է «ՏՏ արտապատվիրում եւ ներդրումներ» (IT Outsourcing & Investment) խորագրով միջազգային համաժողովը, որի նպատակն է միավորել միջազգային, հայկական կայացած եւ սկսնակ ընկերություններին մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ ինչպե՞ս բարձրացնել Հայաստանի ՏՏ ոլորտի միջազգային ճանաչելիությունը՝ դարձնելով այն ներդրումների եւ աութսորսինգի կենտրոն:

Միջոցառման հովանավորն ու կազմակերպիչն է «Էրնսթ Ընդ Յանգ» ընկերությունը, կազմակերպիչներն են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը եւ «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերությունը:

Itel.am-ը ներկա է եղել համաժողովին եւ զրուցել բանախոսներից մի քանիսի հետ:

Էմմա Առաքելյան, «Էրնսթ Ընդ Յանգ» ընկերության Նյու-Յորքի գրասենյակի ՏՏ ոլորտի գործընկեր 

Հպարտությամբ կարող եմ նշել, որ կոնֆերանսը կազմակերպվել է ընդամենը 3-4 շաբաթվա ընթացքում, եւ դա հնարավոր դարձավ մասնակից ընկերությունների շնորհիվ, որոնք պատրաստ են առաջընթացի համար ամեն ինչ անել: Կոնֆերանսը տարբերվում էր նրանով, որ հրավիրել էինք ոչ միայն ՏՏ ընկերություններին, այլեւ բիզնեսմենների, համալսարանների ներկայացուցիչների, խորհրդատվական ընկերությունների, Նյու Յորքից եւ Եվրոպայից մի շարք ներդրողների: Սկսեցինք՝ պատասխանելով «Ինչո՞ւ Հայաստան» հարցին, եւ ծավալվեցինք հաջողակ ընկերությունների օրինակներով: Ինչո՞ւ Հայաստան, որովհետեւ մենք ունենք պատրաստի տաղանդ եւ մի փոքր շարժում է պետք՝ առաջ անցնելու համար: Շատ ուրախ ենք, որ կոնֆերանսը մեծ արձագանք ստացավ:

Մանուկ Հերգնյան, «Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր եւ կառավարող գործընկեր

Ֆորումն առաջին հերթին կարեւոր է այն տեսանկյունից, որ մեծ խորհրդատվական ընկերությունները, ինչպիսին է «Էրնսթ Ընդ Յանգ»-ը, նախաձեռնում են նման ֆորում Հայաստանում՝ այն նպատակով, որ խոշոր ընկերությունների որոշակի լուծումներ Հայաստան տեղափոխվեն: Հայաստանի՝ խոշոր անդրազգային ընկերությունների հետ աշխատելու հնարավորություններն այդպիսով ընդլայնվում են: Ֆորումը դրանով է առանձնահատուկ: Կարեւոր է ստեղծել այդ երկխոսությունը խոշոր ընկերությունների հետ, որովհետեւ դրանք աշխատում են տեխնոլոգիաների նորագույն ոլորտներում, եւ կարեւոր է, որ մենք Հայաստանում ունենանք հնարավորություն՝ շփվելու եւ աշխատելու այդ նորագույն ոլորտներում:

Որքան շատ լինեն նման ֆորումները, այնքան շատ կբացվենք աշխարհի առջեւ, կինտեգրվենք աշխարհի այլ էկոհամակարգերի հետ: Տեխնոլոգիաների զարգացումը տեղի է ունենում գլոբալ մակարդակում, քանի որ անհնար է մեկուսացված զարգացումը:

Հարց կարող է առաջանալ՝ արդյոք պե՞տք են ՏՏ-ին նվիրված այդքան ֆորումներ: Եթե դրանք տեղի են ունենում, ապա կա պահանջարկ, տեխնոլոգիաներում շատ կարեւոր են կապերը՝ հատկապես անհատական կապերը: Հայաստանին պակասում է ոչ հայերի ներկայությունը նման միջոցառումներում: Շատ ավելի լավ կլինի, որ մենք չխոսեինք միայն մեզ հետ, այլ որ այլազգիները հետաքրքրված լինեին գալ այստեղ եւ տեսնել, թե ինչ է տեղի ունենում այստեղ՝ լուծումներ եւ տաղանդներ գտնելու նպատակով:

Կարեն Վարդանյան, ԻՏՁՄ գործադիր տնօրեն

ՏՏ ոլորտի հայ մասնագետների ամենաուժեղ կողմը ադապտացվելու ունակությունն է. հայը կարող է մեկ օրում շփվել ինչպես Հնդկաստանից պատվիրատուի, այնպես էլ եվրոպացու եւ ամերիկացու հետ: Եվ չնայած տարբեր մշակութային առանձնահատկություններին, մշակութային ադապտացումը հայի մոտ ստացվում է, եւ նա կարողանում է իր մարդկային հատկանիշների շնորհիվ ապահովել գործնական ընթացքը:

Մեր ունեցած ադապտացիայի երկրորդ հզոր կողմը տեխնոլոգիական ադապտացիան է՝ շատ քիչ երկրներում է մարդը միկրոէլեկտրոնիկայի ոլորտից կարողանում գնալ, օրինակ, ամպային տեխնոլոգիաներ: Ակնհայտ է, որ հայ մասնագետները պատրաստ են ադապտացվելու եւ աշխատելու: Հիմնվելով այս հատկանիշների վրա՝ Հայաստանում ստեղծվեց «Զարմացնող ինժեներություն» (Surprising Engineering) մոդելը, որի դրական օրինակներն արդեն ունենք: Այն ընկերությունները, որnնք արդեն իսկ կիրառել են այդ մոդելը, ֆենոմենալ աճ են գրանցել, օրինակ՝ Volo հայկական ընկերությունը մեկ տարում աճել է գրեթե երեք անգամ: 

Բագրատ Ենգիբարյան, «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն

ՏՏ զարգացումն իր հետ բերում է նաեւ բազմազանություն՝ ոչ միայն ընկերությունների, ներդրումների, ենթաոլորտների ավելացման, այլեւ միջոցառումների առումով, որոնք գնալով դառնում են ավելի մասնագիտացված, սկսում են կոնկրետ սեգմենտներին նվիրված լինել: Միջոցառումն ունի հետաքրքիր ձեւաչափ՝ փորձել խորհրդատվական դաշտում ՏՏ-ն որպես գործիք դիտարկել:

Քանի որ ՏՏ խորհրդատվությունը դարձել է բավական մեծ բիզնես, այն իր հետ բերում է նաեւ խորհրդատվական կազմակերպությունների հետարքրքություն՝ այդ դաշտը չկորցնելու առումով: Ուժեղ լինելու նպատակով, այդ ընկերությունների մի մասն իրենց մեջ բացեցին ՏՏ ընկերություններ, մյուս մասն էլ փորձում են աութսորսինգի մոդելով աշխարհի տարբեր երկրներում գտնել հետաքրքիր մարդկային ռեսուրսներ, որոնց կկարողանան օգտագործել:

Հայաստանի համար այժմ նոր հնարավորություններ են բացվում՝ հաշվի առնելով այն, որ «Էրնսթ Ընդ Յանգ»-ում նաեւ հայեր են աշխատում: Սա միջազգային ասպարեզ դուրս գալու, Հայաստանի անունը տարածելու նոր հնարավորություն է:

Միքայել Վարդանյան, PicsArt ընկերության տեխնիկական տնօրեն

Հայկական ՏՏ-ի մարտահրավերներից է ռեսուրսների պակասը, սակայն մյուս կողմից՝ դա լավ է, քանի որ փորձում են խելացի լուծումների օգնությամբ եւ քիչ ռեսուրսներով առաջ գնալ, այլ ոչ թե Հնդկաստանի կամ այլ մեծ պետությունների նման հսկայական ռեսուրսների ներդրմամբ: Այս պահին հայկական ՏՏ-ի զարգացման այլ լուրջ խնդիրներ չկան, պարզապես պետք է աշխատել:

Նարինե Դանեղյան