13:54 | 15.06.16 | Նորություններ | 4611

ՎիվաՍել-ՄՏՍ-ը 13-րդ «Ոսկե ծիրան»-ի գլխավոր գործընկերն է

Այսօր կայացել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մեկնարկն ազդարարող առաջին մամուլի ասուլիսը:

Ասուլիսի բանախոսներ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը եւ գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը ներկայացրել են 13-րդ «Ոսկե ծիրան»-ի հիմնական ծրագրերը:

Փառատոնի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: Այս տարի լրանում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի համագործակցության տասը տարին: 

«Կինեմատոգրաֆն արդի առասպելի ստեղծողն է: Գեղարվեստական ֆիլմերի միջոցով է ապահովվում ազգային կերպարի, խորհրդանշանների եւ էպոսի ներկայացումն ու դրանց շարունակականությունը: Ազգերը, որոնք չունեն սեփական կինեմատոգրաֆը, կորցնում են կապը սեփական առասպելի հետ, հայտնվում փակուղու առաջ եւ ենթարկվում բացառապես այլ մշակույթների առասպելների ազդեցությանը: Հարկ չկա նշելու, թե ժամանակակից աշխարհում որքան կարեւոր է ունենալ ազգային կինեմատոգրաֆի կայացած դպրոց՝ նաեւ որպես զանգվածային հաղորդակցության հզորագույն գործիք, որը միաժամանակ ծառայում է ազգային ինքնության պահպանմանն ու ազգային շահերի առաջխաղացմանը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Այս տարի «Ոսկե ծիրան»-ը կանցկացվի հուլիսի 10-17-ը: Փառատոնին ներկայացվել է ավելի քան 900 ֆիլմի հայտ՝ 91 երկրից:

13-րդ «Ոսկե ծիրան»-ի մանրամասները կարող եք կարդալ այստեղ: