ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը
12:35 | 15.06.16 | Նորություններ | 4706
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսօր ասել է, որ Հայաստանի ու Արցախի միջեւ գործող ռոումինգ ծառայությունը չեղարկելու դեպքում ընկերությունը կխախտի միջազգային օրենքները եւ կզրկվի լիցենզիայից:
Այս մասին Ռալֆ Յիրիկյանն ասել է այսօր լրագրողների հետ զրույցում:
Նա հիշեցրել է, որ Արցախի հետ սակագինը կարգավորվում է պայմանագրային հիմունքներով:
«Ես՝ որպես օպերատոր, եթե ցանկանամ, չեմ կարող իջեցնել միջազգային ռոումինգի սակագինն այնքան, որքան գործում է Հայաստանի շուկայում: Պետք է հաշվի առնենք նաեւ տվյալ տարածքում գործող օպերատորի գործող սակագները: Մենք չենք կարող մեր սակագինն իջեցնել ավելի ցածր, քան գործող օպերատորի սակագինն է: Մեր ռոումինգային ելքի սակագինը 25 դրամ է, եթե հավաքենք *101*, հեռախոսահամարը եւ #, մենք կկարողանանք օգտվել 25 դրամ/րոպե սակագնից: Ընդ որում, զանգը հաշվարկվում է վայրկյանով, ոչ թե րոպեով: Դա արդեն նվազագույն սակագինն է, որովհետեւ այնտեղ գործող օպերատորի ամենացածր սակագինն է»,- պարզաբանել է Ռալֆ Յիրիկյանը:
Միաժամանակ նա տեղեկացրել է, որ ընկերությունը բանակցում է եւ փորձում է ելքեր գտնել սակագինը նվազեցնելու ուղղությամբ:
«Հանդիպումներ եմ ունեցել տարբեր տեղերում, զինվորների հետ: Հենց այս հարցն են ներկայացնում: Խոստացել եմ մի քանի ամսվա ընթացքում բանակցությունների արդյունքում որեւէ ելք գտնել, բայց պետք է հաշվի առնենք մի շարք հանգամանքներ, այլապես վերջում կարող ենք խնդիրներ ունենալ Միջազգային բջջային կազմակերպության հետ: Պետք է ուշադիր եւ զգույշ լինել»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:
Նա հիշեցրել է, որ ընկերությունը ամենախոշոր հարկատուներից է, եւ իրենց վճարած հարկերը եւս ուղղվում են բանակին:
«Որեւէ մեկը չի կարող ասել, որ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն անտարբեր է զինվորի հանդեպ: Մենք իրականացնում ենք շատ ծրագրեր, որոնք անմիջապես օժանդակում են խրամատում կանգնած հայ զինվորին: Դրանց մասին, սակայն, չենք ցանկանում խոսել եւ երբեք էլ չենք խոսի»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը: