12:40 | 10.06.16 | Նորություններ | 1685

Facebook-ում կարելի է 360 աստիճան լուսանկարներ հրապարակել

Facebook-ը նախօրեին գործարկել է 360 աստիճան լուսանկարներ բեռնելու գործառույթը:

Facebook-ի տարածած հաղորդագրության համաձայն` հաշվի առնելով այն, որ շատերը դեռ չունեն 360 աստիճան տեսախցիկ, ակնկալվում է, որ այս ձեւաչափով լուսանկարների մեծ մասը կարվի պանորամային կադրերի օգնությամբ:

360 աստիճան լուսանկարներ կարելի կլինի ստանալ նաեւ նմանատիպ հավելվածների միջոցով, ինչպես օրինակ Google-ի Photo Sphere-ն է:

Facebook 360 լուսանկարների ներբեռնումը կատարվում է նույն կերպ, ինչ այլ լուսանկարների դեպքում: Հրապարակելուց հետո լուսանկարի վրա կավելանա հատուկ նշան, որը կհուշի նոր գործառույթի մասին:

Facebook-ի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը Facebook-ում գրառում է կատարել. «360 աստիճանի լուսանկար կարելի է ստանալ ձեր հեռախոսի օգնությամբ: Պարզապես օգտագործեք պանորամա կամ 360 աստիճան տեսախցիկի հավելված եւ ապա հրապարակեք լուսանկարը Facebook-ում: Մնացածի մասին մենք ինքներս կհոգանք»,- նոր գործառույթը ներկայացրել է Մարկ Ցուկերբերգը:

Հիշեցնենք, որ անցած տարվանից հասանելի են Facebook 360 տեսանյութերը: