08:07 | 26.05.16 | Նորություններ | exclusive 7816

Հայկական ստարտափն անցել է GIST Tech-I մրցույթի եզրափակիչ փուլ

Հայկական Immersive Education Solutions նախագիծն անցել է Տեխնոլոգիայի եւ գիտության միջոցով համաշխարհային նորարարության (GIST) Tech-I մրցույթի եզրափակիչ փուլ:

Եզրափակիչ անցած մյուս 14 ստարտափների հետ միասին, հայկական ստարտափի հեղինակ Լեւոն Արամյանը կմեկնի Սիլիկոնյան հովիտ՝ հունիսի 23-24-ը մասնակցելու 2016 Գլոբալ ձեռնարկատիրության գագաթաժողովին (Global Entrepreneurship Summit):

Գագաթաժողովի շրջանակում գլոբալ դեմքերի կողմից կանցկացվեն ձեռներեցության ինտենսիվ դասընթացներ: Դրանց կհաջորդի փիչինգը, որի ընթացքում էլ կորոշվի, թե եզրափակիչ անցած որ ստարտափը տուն կվերադառնա նախնական փուլի ֆինանսավորմամբ:

Նշենք, որ մրցույթն անցկացվել է 135 պետությունների ավելի քան 1000 ստարտափների շրջանում, իսկ հայկական ստարտափը միակն է եղել կովկասյան տարածաշրջանից:

ԱՄՆ պետդեպարտամենտի GIST նախաձեռնությունը երիտասարդ նորարարներին հնարավորություն է տալիս զարգացնել տնտեսական եւ զարգացման խնդիրներին առնչվող ստարտափերը:

Itel.am-ն ավելի վաղ պատմել էր Immersive Education Solutions-ի լուծման մասին:

Ընկերությունը մշակում է 360 աստիճանով եռաչափ ուսումնական տեսանյութեր, որոնք աշակերտներին թույլ են տալիս սեփական աչքերով տեսնել այն, ինչ պատմում են նրանց դասագրքերը: Ուսուցողական տեսանյութերը նախատեսված են հատուկ սֆերիկ կինոթատրոններում՝ պլանետարիումներում դիտելու համար:

Immersive Education Solutions նախագիծը «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության ստարտափներից է: