06:39 | 27.04.16 | Հոդվածներ | exclusive 8185

Հայկական նոր նախագիծը կօգնի «զգալ այն, ինչ պատմում է ուսուցիչը»

Հայ մասնագետները պատրաստում են 360 աստիճանով եռաչափ ուսումնական տեսանյութեր, որոնք աշակերտներին թույլ են տալիս սեփական աչքերով տեսնել այն, ինչ պատմում են նրանց դասագրքերը:

Immersive Education Solutions նախագիծը «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության ստարտափներից է:

Itel.am-ի հետ զրույցում Immersive Education Solutions նախագծի հեղինակ ֆիզիկոս Լեւոն Արամյանը պատմել է, որ ուսուցողական տեսանյութերը նախատեսված են հատուկ սֆերիկ կինոթատրոններում՝ պլանետարիումներում դիտելու համար:

«Հաճախ մեր նախագիծը համեմատում են եռաչափ ֆիլմերի հետ, բայց այն ավելի շատ նման է վիրտուալ իրականությանը: Բայց վերջինիս հետ եւս կան տարբերություններ՝ մեր ֆիլմերը միաժամանակ կարող է դիտել 15-20 մարդ, ինչը վիրտուալ իրականության պարագայում հնարավոր չէ»,- բացատրել է Լեւոն Արամյանը:


TSD/IES

Ֆիլմերը դիտելու համար անհրաժեշտ են համապատասխան պլանետարիումներ: Լեւոն Արամյանը վստահեցրել է, որ մատչելի միջոցներով հնարավոր է հայաստանյան դպրոցների համար ձեռք բերել նման համակարգեր:

Նա պատմել է, որ շուտով պատրաստ կլինի առաջին ուսուցողական տեսանյութը, որը նվիրված է աստղագիտությանը:

«Ֆիլմը ներկայացնում է մարդու պատկերացումների փոփոխությունը տիեզերքի մասին՝ քարե դարից մինչեւ մեր օրերը: Դպրոցներում հասցրել ենք մի քանի փորձնական ցուցադրություն կազմակերպել՝ հասկանալու աշակերտների եւ ուսուցիչների արձագանքը: Բոլորը շատ ոգեւորված էին: Սա ավելի հետաքրքիր եւ տպավորիչ է դարձնում դասապրոցեսը»,- նշել է Լեւոն Արամյանը:

Նախագծի համահիմնադիր Արմինե Ղազարյանն էլ նշել է, որ այս տեմպով շարունակելու դեպքում տարեկան 2 ֆիլմ կկարողանան ավարտին հասցնել:

«Տեխնոլոգիական այս դարաշրջանում արդեն նոր ուղիներ է պետք փնտրել ՝ աշակերտների համար ուսումնական պրոցեսն ավելի գրավիչ դարձնելու համար: Մեր պատրաստած տեսանյութերը կընձեռեն այդ հնարավորությունն ամենատարբեր առարկաների համար՝ ֆիզիկա, քիմիա, աստղագիտություն, պատմություն եւ այլն»,- ասել է Արմինե Ղազարյանը:


TSD/IES

Նրա խոսքով՝ ֆիլմերն ամբողջությամբ իրենք են պատրաստում:

«Դեռ հստակ չենք պատկերացնում՝ ինչպես ներկայանալ հայկական շուկայում: Ֆիլմերը նախատեսում ենք թարգմանել տարբեր լեզուներով: Նպատակն է մտնել միջազգային շուկա եւ ուսումնական ֆիլմերի լիցենզիան վճարովի տրամադրել տարբեր պլանետարիումների: Արժեքը կախված կլինի պլանետարիումի չափերից»,- եզրափակել է Արմինե Ղազարյանը:

Նշենք, որ ստարտափը 135 պետությունների ավելի քան 1000 ստարտափերի հետ միասին մասնակցում է Tech-I Global Pitch Competition մրցույթին եւ հայտնվել է կիսաեզրափակչում:

Հայկական ստարտափը միակն է կովկասյան տարածաշրջանից։ Կիսաեզրափակչի մասնակիցներից լավագույն 30-ին ընտրելու է ոչ միայն մասնագիտացված հանձնաժողովը, այլեւ հանրությունը։ Immersive Education Solutions նախագծի օգտին կարելի է քվեարկել այստեղ:

Նարինե Դանեղյան